Առողջապահության համաշխարհային կազմակերպության' եվրոպական 41 երկրների շարքում բռնությունների վերաբերյալ 2014 թվականի համար հրապարակած զեկույցում Թուրքիան նշված է 13-րդ տեղում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, «Բռնության կանխարգելման հարցում եվրոպական իրականության եւ համաշխարհային իրադրության հաշվետվություն» կոչված զեկույցը կազմվել է ըստ եվրոպական երկրներում գրանցված բռնությունների եւ սպանությունների թվի:
Զեկույցում բռնությունների թվով Թուրքիան նշված է Հայաստանից, Բուլղարիայից, Ռումինիայից, Ադրբեջանից, Թուրքմենստանից եւ Տաջիկստանից առաջ եւ Ռուսաստանից, Ղազախստանից, Ղրղզսատանից, Մոլդովայից, Վրաստանից, Ուզբեկստանից ու Ալբանիայից հետո:
Ըստ զեկույցի' 2014 թվականին ամենաքիչ թվով սպանություններ կատարվել են Շվեյցարիայում, Իսլանդիայում, Նորվեգիայում, Սլովենիայում, Սան Մարինոյում, Շվեդիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Իտալիայում եւ Ավստրիայում:
Նշվում է, որ Թուրքիայում սպանություների կեսից ավելի կատարվում է հրազենի, 20 տոկոսը' կտրող-ծակող գործիքի, 2 տոկոսը' խեղդելու, 2 տոկոսը' բութ գործիքով հարված հասցնելու միջոցով:
Հիշյալ երկրներում հանցագործությունների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընտանիքներում նման հանցագործությունների դեպքերի առկայությունը մոտ 40 անգամ մեծացնում է երեխաների շրջանում ինքնասպանության, 9 անգամ' ալկոհոլամոլության, 6 անգամ' թմրամոլության եւ 3 անգամ' ծխախոտից կախվածության ռիսկերը: