Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին չի հետաքրքրում նախագահ Մարգվելաշվիլիի որոշմամբ երկրի տնտեսական իրադրության կապակցությամբ հանրապետության խորհրդարանի արտահերթ նիստի գումարումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին, կառավարության ղեկավարը մարտի 11-ի ուշ երեոյան լրագրողներին հայտարարել է Թբիլիսիում:
«Մեր ուշադրության կենտրոնում պետք է լինի բնակչությունը, մարդիկ: Մնացած ձեւականություններն ինձ չեն հետաքրքրում: Մեզ համար գլխավորը գործելն է եւ ժողովրդի, մեր երկրի մասին մտածելը, միասնական լինելը՝ առանց որեւէ շոուի»,- հայտարարել է Ղարիբաշվիլին:
Նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին մարտի 10-ին խորհրդարանական ընդդիմության հետ կոնսուլտացիաներից հետո, որն այժմ ներկայացնում են երկու կուսակցություն՝ «Միասնական ազգային շարժումը» եւ «Մեր Վրաստանը- ազատ դեմոկրատներ» կազմակերպությունը, երկրի տնտեսական իրադրության կապակցությամբ մարտի 13-ին նշանակել է խորհրդարանի արտահերթ նիստ:
Նիստի ամսաթվի նշանակումից հետո Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին հայտարարել է, որ խորհրդարանական մեծամասնությունը «ճիշտ քաղաքական որոշում» կընդունի, եթե չներկայանա արտահերթ նիստին: Նրա խոսքով՝ ընդդիմության գործողությունները վնաս են հասցնում լարիի փոխարժեքին եւ հանրապետության տնտեսությանը: