Բաթումի տեխնոլոգիական համալսարանի շենքը 25 միլիոն 4 հազար 626 դոլարով վաճառվել Է RED – Co (Real Estate Development Company) ընկերությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Վրաստանի «Փիրվելի ռադիո» ռադիոկայանը:
Ռադիոկայանի տվյալներով՝ փակ աճուրդում համալսարանի շենքի մեկնարկային գինը կազմել Է 25 միլիոն դոլար, եւ այն գնելու ցանկություն Է հայտնել սոսկ մեկ ընկերություն:
Բաթումի տեխնոլոգիական համալսարանի շենքը Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի վերջին նախագծերից մեկն Է, որն անձամբ Է վերահսկել դրա շինարարության ընթացքը: Բաթումի տեխնոլոգիական համալսարանը պետք Է ուսումնական գործընթացի սկզբին պատրաստ լիներ 2013 թվականին:
2012 թվականին վրացի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած «Վրացական երազանք» քաղաքական կոալիցիայի՝ իշխանության գլուխ անցնելուց հետո համալսարանի շինարարության նախագիծը սառեցվեց: 2015 թվականի սկզբին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարեց, որ մտադիր Է վաճառել «Սահակաշվիլիի նախագիծը»: