Ադրբեջանի Սալյան քաղաքում 15-ամյա Հուսեին Ռովշան օղլու Հասանովը մորթել է սեփական 41-ամյա մորը' Գյուլարա Թոֆիգ գըզը Հասանովային:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, virtualaz.org լրտավական կայքին հայտնել է Սալյանի ոստիկանական բաժանմունքը: Սպանությունը կատարվել է ընտանեական վիճաբանության հողի վրա: Տուժողը շտապ հոսպիտալացվել է, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել կնոջ կյանքը: Ստացած վերքերից Գ. Հասանովան հիվանդանոցում մահացել է:

 

Անչափահաս մայրասպանը ձերբակալվել է: Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, կատարվում է հետաքննություն:

 

Ադրբեջանում վերջին շրջանում զավակների կողմից ծնողի սպանության դեպքերն ավելացել են: Այսպես, մարտի 3-ին APA լրատվական գործակալությունը հայտնել էր, որ Բաքվի Սուրախանիի շրջանի Ենի Սուրախանի ավանի բնակիչ Աղաալի Բայրամօղլու Թաղիեւը (ծնվ. 1983 թ.) մորթել է իր հորը' Բայրամալի Թաղիեւին (ծնվ. 1958 թ.): Հայրասպանության պատճառը հայտնի չէ:

 

Փետրվարի 26-ին Բաքվի 20-րդ հատված թաղամասում Քամիլ Էլման օղլու Սադըխովը, դանակի բազմաթիվ հարվածներ հասցնելով, խողխողել է իր 57-ամյա հորը' Էլման Աղավերդի օղլու Սադըխովին, որը որոշ ժամանակ հետո մահացել է հիվանդանոցում:

 

Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալներով' 2015 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանում զավակի կողմից ծնողի սպանության 6 դեպք է տեղի ունեցել: