ԿՈՄՊԱՍՍ գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոնը« «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» աջակցությամբ, Գյումրիում իրականացնում է «Համայնքի վիզուալ բյուջե» ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է ստեղծել համայնքային բյուջեի տվյալներն արտացոլող ինտերակտիվ կայք:

 

 

Այս մասին մարտի 13-ին, ծրագրի շնորհանդեսին ժամանակ նշեց ԿՈՄՊԱՍՍ գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոնի համանախագահ Ղարիբ Հարությունյանը' տեղեկացնելով, որ կայքն իր բնույթով աննախադեպ է այն առումով, որ, ի տարբերություն, օրինակ, Գյումրու քաղաքապետարանի ներկայիս կայքի, համայնքային բյուջեի մուտքերը և ելքերը մատչելի կերպով ներկայացված են լինելու ինտերակտիվ եղանակով:

 

 

Կայքն ունենալու է եռամսյակային տվյալների պարբերական թարմացումներ: Արդեն հստակ է, որ ցանկացողներն այդ տվյալները կարող են գտնել www.GYUMRIBUDGET.am կայքում արդեն հունիսից:

 

 

«Հայաստանի պատմության մեջ Գյումրին առաջին քաղաքն է, որի համայնքային բյուջեն ներկայացված է լինելու ինտերակտիվ կայքի միջոցով և շատ մատչելի՝տարբեր թիրախային խմբերի համար: Սրանով մենք ուզում ենք քաղաքացիների շրջանում բարձրացնել Գյումրի համայնքի բյուջեի վերաբերյալ իրազեկության  մակարդակը:

 

 

Յուրաքանչյուր քաղաքացի, լինելով հարկ վճարող, ունի իրավունք տեղեկացված լինելու, ավելին, մասնակցելու բյուջեի հետ կապված բոլոր որոշումների կայացմանը: Ի դեպ, ըստ 200 բնակչի շրջանում իրականցրած հարցումների, բնակիչների տեղեկացվածությունը բյուջեի վերաբերյալ շատ ցածր է»,- նշեց Ղարիբ Հարությունյանը:

 

 

Նշենք, որ նմանատիպ կայք ունի նաև Էստոնիայի Տարտու քաղաքը: Հենց էստոնական «Պռաքսիս» հետազոտական ընկերության մասանգետներն էլ կօգնեն հայ մասնագետնրին մշակելու այդ կայքը:

 

 

Կայքի հետ կապված մեկ այլ հետաքրքիր փաստ ևս. ֆինանսական փորձագետը պարբերաբար առցանց կպատասխանի բոլորի հարցերին: Ծրագրին համագործակցության դրական պատասխան տվել է նաև Գյումրու քաղաքապետարանը: Ծրագրի շրջնակներում նախատեսվում է նաև կազմակերպել հանդիպում-քննարկումներ քաղաքացիական հասարակության լայն խավերի հետ՝ բյուջեի խնդիրների ու դրանց լուծման ուղիների վերաբերյալ:

 

Արմենուհի Մխոյան