Մարտի 13-ին ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հրամանով՝ ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պետ Տիգրան Նավասարդյանը փոխադրման կարգով նշանակվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնում:
Թեև նշանակման պահից դեռևս ժամեր են անցել, բայց նորանշանակ պետն արդեն իսկ որդեգրել է ՔԿՀ-ի բարելավմանն ուղղված քաղաքականություն:
Տիգրան Նավասարդյանն իր բազմամյա ծառայության ընթացքում միշտ էլ աչքի է ընկել իր սկզբունքայնությամբ, աշխատանքին ամբողջությամբ նվիրվելու մեծ պատրաստակամությամբ և անհատական բարձր որակներով:
ՔԿՀ-ում այսօր իրականացվել է լայնածավալ ծառատունկ՝ ավելի քան 300 բարդի է տնկվել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի վարչական հատվածի շրջակայքում: Ծառատունկի նպատակը տարածքն ավելի կանաչապատ և ավելի բարեկարգ դարձնելն է եղել:
Տիգրան Նավասարդյանի խոսքով՝ ինքը ծառայություն իրականացնում է ամեն օր՝ առանց առիթի և առանց ակնկալիքի և չի կասկածում, որ իր աշխատանքով կարճ ժամանակվա ընթացքում ՔԿՀ դատապարտյալները և հասարակությունը կզգան դրական առաջընթաց:
Նշենք նաև, որ ծառատունկին են մասնակցել ՔԿՀ-ում իրենց պատիժը կրող 84 դատապարտյալ և իրենց լուման ներդրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի բարեկարգման գործում: