Տասներկուերորդ դասարանի երեք հազարից ավելի աշակերտներ ընդունելության քննություններից առաջ իրենց գիտելիքները ստուգելու հնարավորություն ստացան: Երևանի պետական համալսարանում և ՀՀ բոլոր մարզերում մարտի 14-ին անցկացվում է դպրոցականների «ԵՊՀ օլիմպիադա-2015»-ը: Ամենամյա օլիմպիադան 12-րդ դասարանի աշակերտների համար է:
ԵՊՀ միջհամալսարանական կրթության վարչության պետ Վաչագան Գալստյանի խոսքով՝ 2009 թվականից սկսած ԵՊՀ-ն հանրակրթական 15 առարկաների գծով անցկացնում է օլիմպիադա:
«Այս տարվա օլիմպիադան անցկացվում է Երևանում և հանրապետության մարզերում: Մասնակցելու համար հայտագրվել է 3324 աշակերտ: Մարզերում օլիպիադան կանցկացվի մարզկենտրոններում: 2009 թվականին այս օլիմպիադային մասնակցել է 600 աշակերտ: Առաջին տարին, բնականաբար, բոլորը տեղյակ չէին օլիմպիադայի մասին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Վաչագան Գալստյանը:
Նրա համոզմամբ՝ սա բավականին լավ փորձ է ընդունելության քննություններից առաջ: «Համոզված եմ, որ այս առաջադրանքները լուծողները ընդունելության թեստերում բավականին լավ արդյունքներ կցուցաբերեն: Վերջին տարիներին մտածում ենք, որ օլիմպիադայի հաղթողներին ինչ-որ արտոնություններ տրվեն»,- հավելեց նա:
«Արմենպրես»-ը մասնակցեց «Ստեղծագործական աշխատանք» օլիմպիադային: Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը նշեց, որ «Ստեղծագործական աշխատանք»-ը ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ընդունելության երեք քննություններից մեկն է:
«Որպես կանոն՝ օլիմպիադային մասնակցում են ֆակուլտետի ապագա դիմորդները' նրանք, ովքեր որոշել են, որ պետք է դառնան լրագրող: Մասնակիցների թիվը մոտենում է 20-ի: Օլիմպիադայի թեմաներն ընտրվում են այնպես, որ լինի մասնագիտական ոլորտից, աշակերտը խոհափիլիսոփայական մտքեր դրսևորի, ներկայացնի ապագային միտված իր խոհերը»,- պարզաբանեց նա:
Մասնակիցները պետք է իրենց մտքերը թղթին հանձնեին երեք՝ «Մատենադարանի գանձերը», «Իմ սիրած արվեստագետը», « Հավատում եմ, որ...» թեմաներից մեկով:
«ԵՊՀ օլիմպիադա-2015»-ն անցկացվում է հանրակրթական «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Ինֆորմատիկա», «Կնսաբանություն», «Աշխարհագրություն», «Հայ ժողովրդի պատմություն», «Մարդու իրավունքներ և ժողովրդավարություն», «Հայոց լեզու և գրականություն», «Ռուսերեն», «Անգլերեն», «Գերմաներեն», «Ֆրանսերեն», «Ստեղծագործական աշխատանք», «Հայ եկեղեցու պատմություն» առարկաների գծով:
Օլիմպիադայի փակման և պարգևատրման արարողությունը տեղի կունենա մարտի 27-ին ԵՊՀ մեծ դահլիճում: