Լրագրող և հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը հատուկ ծառայությունների խորհրդով հեռացել է Ռուսաստանից: Այդ մասին հայտնել են ռուսական ԶԼՄ-ները` հղում անելով «Կոմերսանտ»-ին:
Մի քանի օր առաջ թողարկվել է L'Officiel ամսագրի առաջին համարը՝ նոր գլխավոր խմբագիր Քսենիա Սոբչակի ղեկավարության ներքո: Ի պատիվ այդ իրադարձության՝ ուրբաթ օրը հեռուստահաղորդավարուհին ընթրիք է կազմակերպել, ինչպես նաև մասնակցել է «Ամուսնություն» ներկայացման պրեմիերային, որտեղ նրա դեբյուտն է եղել՝ որպես դրամատիկ դերասանուհի:
Հաջորդ օրը, ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, Սոբչակը լքել է Ռուսաստանը որոշ ժամանակով: Նա նաև անվտանգության աշխատողներ է վարձել:
Սոբչակի՝ երկրից հեռանալը կապված է սպառնալիքների հետ, որոնք նա ստացել է Բորիս Նեմցովի հուղարկավորության օրը՝ մարտի 3-ին: Նրան է մոտեցել անծանոթ մեկը և ասել. «Հաշվի առեք, դուք հաջորդն եք, Քսենիա»:
Այն մասին, որ Քսենիա Սոբչակը լքել է Ռուսաստանը հատուկ ծառայությունների խորհրդով, հայտնել են նրա հարազատները: