Հայաստանի հետ բանակցություններում իր նպատակներին հասնելու համար Ադրբեջանը ձգտելու է ռազմական ճնշում գործադրել։ Այս մասին ասվում է ԱՄՆ ազգային անվտանգության տնօրենի գրասենյակի հրապարակած «Գլոբալ ռիսկեր» զեկույցում։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները, ամենայն հավանականությամբ, կմնան լարված և երբեմն անկայուն՝ խաղաղության պայմանագրի բացակայության պայմաններում՝ հաշվի առնելով միջպետական սահմանին զինված ուժերի իրար մոտ լինելը, հրադադարի պահպանման մեխանիզմի բացակայությունը և Ադրբեջանի պատրաստակամությունը' ռազմական ճնշում գործադրել Հայաստանի հետ բանակցություններում իր նպատակներն առաջ մղելու համար: Զինված ուժերի շարունակական ներկայությունը սահմանազատված սահմանի երկայնքով բարձրացնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված առճակատման վտանգը, թեև նման առճակատումները, հավանաբար, կլինեն սահմանափակ տևողությամբ և ինտենսիվությամբ»,- ասվում է զեկույցում:
Նշվում է, որ 2021 թվականի մայիսից միջպետական սահմանին և Լեռնային Ղարաբաղի շուրջ պարբերաբար ռազմական բախումներ են տեղի ունենում։
«Առավել ինտենսիվ բռնկումը տեղի է ունեցել 2022 թվականի սեպտեմբերին, երբ ադրբեջանական ուժերը համակարգված հարձակում սկսեցին սահմանի երկայնքով մի քանի վայրերում՝ գրավելով հայկական որոշ տարածքներ և հանգեցնելով շուրջ 300 զինվորականի մահվան:
Խաղաղ բանակցություններում որոշակի առաջընթաց է գրանցվել, սակայն ամենադժվար խնդիրները՝ կապված պետական սահմանների և Լեռնային Ղարաբաղի ապագայի հետ, հեռու են լուծվելուց»,- նշվում է զեկույցում: