Ադրբեջանի հատուկ ծառայությունները ձերբակալել են զինծառայողների և քաղաքացիական անձանց խմբի, որոնք մեղադրվում են Հայաստանի գաղտնի ծառայությունների հետ գաղտնի համագործակցության մեջ։ Այդ մասին նշվում է մայիսի 7-ին Ադրբեջանի գլխավոր դատախազության, պաշտպանության նախարարության, ներքին գործերի նախարարությունների և ազգային անվտանգության ծառայության համատեղ հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Հայտարարության մեջ նշվում է, որ «միջոցների արդյունքում, որոնք ձեռնարկվել են Ադրբեջանի ՊՆ և Թերթերի բնակավայրերի դեմ Հայաստանի հատուկ ծառայությունների մարմինների կողմից պատրաստվող լայնածավալ սադրանքների մասին տվյալների վրա, պարզվել է, որ զինծառայողների և քաղաքացիական անձանց խումբը ներգրավված է եղել հակառակորդի հետախուզության հետ համագործակցությանը և տարբեր ժամանականերում նրան է տրամադրել տեղեկություններ, որոնք ռազմական գաղտնիք են»։

Հայտարարության մեջ նաև ասվում է, որ «անհետաձգելի քննչական-օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է Բաքվի հանրային վայրերում դիվերսիոն և ահաբեկչական գործողությունը»։ Ադրբեջանի զինվորական դատախազությունում քրեական գործ է հարուցվել։ «Զինծառայողների և քաղաքացիական անձանց խումբը ներգրավված քրեական պատասխանատվության, նրանց դեմ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»։

Ավելի վաղ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացրել էին, որ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի Աշաղի Աբդուրահմանլի բնակավայրի մոտ տեղակայված մարտական հենակետերից մեկում մայիսի 5-ի առավոտյան Արցախի Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից արձանագրվել է հակառակորդի զինծառայողների միջև փոխհրաձգության ձայներ, այնուհետև նռնակի պայթյուն:

«Նմանատիպ միջադեպերը հաճախակի կրկնվող երևույթներ են, որոնք մշտապես դիտարկվում և արձանագրվում են հայ դիրքապահների կողմից, ինչը վառ վկայությունն է այն իրողության, որ Ադրբեջանի զինված ուժերում կարգապահական և միջանձնային հարաբերությունները շարունակում են մնալ անմխիթար վիճակում:

Վերոնշյալ միջադեպի արդյունքում հակառակորդ կողմը հավանաբար կունենա կորուստներ, որոնց մասին ավանդույթի համաձայն նախընտրում է չհայտարարել: Չի բացառվում նաև, որ ադրբեջանական էլիտան, իր երևակայությանը բնորոշ շեշտադրումներով, ամենայն հավանականությամբ կփորձի կատարվածի արդյունքում տեղ գտած կորուստները վերագրել հայկական կողմին»,- հաղորդագրության մեջ:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը նաև տեղեկացրել էր, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության մայիսի 5-ի երեկոյան տարածած տեղեկատվությունն առ այն, թե իբր Թերթերի շրջանի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումների և բնակավայրերի ուղղությամբ հայկական հետախուզական ծառայությունների ուժերը և հատուկ նշանակության մարմինները ծրագրավորել են լայնամասշտաբ սադրանքներ, ինչն ադրբեջանական կողմի ձեռնարկած էֆեկտիվ և կանխարգելիչ գործողությունների արդյունքում ժամանակին բացահայտվել ու կանխվել է, հերթական հերյուրանքն է և իրականությանը չի համապատասխանում։ «Արձանագրենք, որ նման ապատեղեկատվություններ տարածելով, հակառակորդ կողմը անհաջող կերպով փորձում է պարտակել իր զինված ուժերում առկա ոչ կանոնադրային հարաբերությունների հետևանքով հաճախակի առաջացող մահացու ելքերով դեպքերը:

Ավելին՝ եթե ադրբեջանական կողմը այդքան վստահում է իր տարածած տեղեկատվության հավաստիությանը, առաջարկում ենք հրավիրել միջազգային կառույցների ներկայացուցիչների՝ հետաքննություն անցկացնելու և նշված հաղորդագրության իսկությունը պարզելու համար»,- ասվում է Արցախի ՊՆ հայտարարության շարունակության մեջ: