Մարտի 16-ին Թբիլիսիի Courtyard Marriott հյուրանոցում ընթանում Է «Եռակողմ համագործակցության ապագան. նոր հեռանկարներ եւ մարտահրավերներ» թեմայով խորհրդաժողովը, որին մասնակցում են Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:
Խորհրդաժողովի ընթացքում հետազոտական կազմակերպությունների ղեկավարները, ինչպես նաեւ երեք երկրների պետական գերատեսչությունների բարձրաստիճան ներկայացուցիչները քննարկում են տարածաշրջանային անվտանգության ամրապնդման, եռակողմ տնտեսական համագործակցության զարգացման հարցերը, Արեւելքի ու Արեւմուտքի միջեւ Մետաքսի ճանապարհի միջոցով տրանսպորտային հաղորդակցության հնարավորությունները:
«Այսօր եռակողմ ձեւաչափով տեղեկատվություն են փոխանակում ակադեմիական շրջանների ներկայացուցիչները, քննարկվում են երեք երկրների համագործակցության հեռանկարները: Եռակողմ նախագծերը, որոնց վրա աշխատում են այս երեք երկրները, շատ կարեւոր են, քանի որ դրանք նպաստում են ոչ միայն այս երեք երկրների զարգացմանը, այլեւ ամբողջ տարածաշրջանի զարգացմանը»,-լրագրողներին հայտնել Է Վրաստանի տնտեսության եւ կայուն զարգացման փոխնախարար Միխայիլ Ջանելիձեն: