ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մարտի 16-ին կայացել է հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, խորհրդակցության սկզբում նախարարն անդրադարձել է ՀՀ վարչապետի պատվիրակության կազմում Քուվեյթ և Եգիպտոսի Արաբական Հանրապետություն կատարած այցին՝ նշելով, որ այս երկրների հետ տարբեր ուղղություններով համագործակցության բավականին լայն դաշտ է բացվել:
Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը զեկուցել է անցյալ շաբաթվա ընթացքում գրանցված 267 պատահարի, ձեռնարկված միջոցառումների և կատարված հանձնարարականների մասին: Նախարարին ներկայացվել է նաև սահմանամերձ համայնքներում կատարվող աշխատանքների ընթացքը:
ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության պետ Լ. Վարդանյանը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը, ջրամբարների ներկայիս վիճակը: Հանրապետությունում ներկայումս ջերմաստիճանը փոքր-ինչ բարձր է նորմայից, սպասվում է ջերմաստիճանի անկում: Գարունն առատ է լինելու տեղումներով, ինչը նշանակում է, որ ջրամբարների պաշարն այս տարի շատ ավելի բարձր ցուցանիշ կարձանագրի, քան նախորդ տարի էր՝ այդ մասին է վկայում նաև առատ ձյունածածկը:
ՀՀ ՏԿԱԻՆ «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Կարապետյանը զեկուցել է, որ բոլոր հակակարկտային կայանները բերված են աշխատանքային վիճակի՝ պատրաստ անհրաժեշտության դեպքում ներգործություն իրականացնել:
Նախարարի խորհրդական Ա. Հակոբյանը զեկուցել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներից անմասն չէ նաև ՏԿԱԻ նախարարությունը: ՏԿԱԻՆ փողային նվագախումբը յուրատեսակ ծրագրով հանդես կգա մարզկենտրոններում:
Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը ներկայացրել է շաբաթվա ընթացքում ապաստանի հարցով դիմած քաղաքացիների մասին ամփոփ տվյալները:
Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցել են շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և մարզային ՃԿԿ-ների ստեղծման ընթացիկ աշխատանքների մասին։ Զեկուցվել է նաև մարզերում և ԼՂՀ տարածքում իրականացվող ուսումնավարժանքների և ուսուցողական միջոցառումների մասին:
Խորհրդակցության ավարտին ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը «Փրկարար ծառայության գնդապետ»-ի կոչում է շնորհել ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ կադրերի վարչության պետի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Վարդան Հովսեփյանին: