Մարտի 15-ին լրացել է սիրիական հակամարտության չորս տարին, որի ընթացքում հազարավոր զոհեր են գրանցվել և միլիոնավոր սիրիացիներ գաղթական են դարձել:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, 2011թ. մարտի 15-ին Դարաայում սկսվել են հանրահավաքները, որոնք կարճ ժամանակում վերածվել են արյունալի բախումների, և սկսել էր զենք մուտք գործել Սիրիա:

 

Իրավիճակը Սիրիայում փոխվել է «Իսլամական պետության» հայտնվելուց հետո, և այժմ երկրի քարտեզը մասնատված է:

 

Կառավարական ուժերի վերահսկողությունից դուրս են Հալեպի հյուսիսային շրջանները, Ռիֆ Դիմաշկ շրջանի մի հատվածը, Դարայի որոշ շրջաններ, ինչպես նաև Ռակկայի, Դեր Զորի մարզերը: Դրան զուգահեռ, քաղաքի կենտրոնական հատվածները, ինչպես նաև Լաթաքիայի, Տարտուսի, Դամասկոսի, Սուեյդայի մարզերը կառավարական ուժերի ձեռքում են, մշտական բանխումներ են ընթանում Հոմսի, Համայի մարզերում:

 

Սիրիական ՍԱՆԱ գործակալության տեղեկացմամբ, հակամարտության 4 տարում Սիրիան մշտապես զգուշացրել է, որ ահաբեկչության վրա խաղադրույքը Սիրիայում մարդասիրական աղետ է ստեղծել, կարող է սպառնալիք լինել նաև տարածաշրջանի և ողջ աշխարհի համար: Ըստ աղբյուրի՝ Սիրիայում հայտնվել են տասնյակ ահազար ահաբեկիչներ, որոնք գործում են ավելի քան 2500 ահաբեկչական կազմակերպություններում:

 

Սիրիական ճգնաժամը դեռ շարունակվում է: Ջանքեր են գործադրվում հատկապես ՄԱԿ-ի բանագնաց Ստեֆան դե Միստուրայի կողմից Հալեպում կրակը դադարեցնելու և միջսիրիական բանակցությունները վերսկսելու ուղղությամբ: Մինչև այժմ, սակայն, առաջընթաց չի արձանագրվել:

 

ՄԱԿ-ի տվյալներով, սիրիական հակամարտության ընթացքում զոհվել է ավելի քան 210 հազար մարդ, մոտ 500 հազար վիրավորներ են արձանագրվել' չնայած, շատերի կարծիքով, ցուցանիշն ավելի բարձր է: