Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ-Պետերբուրգում Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի հետ հանդիպման ժամանակ մեկնաբանել է իր առողջական վիճակի շուրջ լուրերը՝ բացատրելով, որ «առանց բամբասանքների ձանձրալի կլիներ»:

 

«Հենց նոր Վլադիմիր Վլադիմիրովիչն ինձ մեքենայով պտտեցնում էր տարածքում: Սա ասում եմ, որպեսզի բամբասանքներ չլինեն»,- ասել է Ղրղզստանի նախագահը:

 

Աթամբաևը նաև նշել է, որ շատ հաճախ բամբասանքներ է լսում իր մասին և գտնում է, որ դա սխալ է:

 

«Ձանձրալի կլիներ առանց բամբասանքների»,- իր հերթին հավելել է Պուտինը:

 

Ավելի վաղ արտասահմանյան մի շարք ԶԼՄ-ներ հայտնել էին, որ Պուտինը հավանաբար հիվանդացել է, քանի որ տեղափոխվել է Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահների միջև նախատեսված հանդիպումը, իսկ ինքը՝ Պուտինը, արդեն մի քանի օր չի հայտնվել հանրության առաջ: