ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը տարածել է հաղորդագրություն, որում մասնավորապես ասվում է.

 

«Ուրեմն, ինչ է ստացվում՝ մաքուր կենսագրությամբ մարդու նկատմամբ էլ ճնշում գործադրելու ուրիշ միջոց չեն գտնում: Իբր 2012թ-ին կատարված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար (ուշադրություն՝ 3 տարի անց, առանց որևէ ծանուցման, առանց որևէ ընթացակարգի) երկու օր առաջ ՀՀ Վարչական դատարանի որոշմամբ ենթարկվել եմ պատասխանատվության, ինչն օրենքով ուղղակի արգելված է: Ընդ որում, որոշումը երկու օր առաջ եմ ստացել ֆինանսական «մախինացիաների» մեջ ընկած, անհայտ կորած և աշխատանքից արդեն ազատված դատավոր Ռ. Սարգսյանի ստորագրությամբ:

 

Եվ եթե սա իմ նկատմամբ ճնշման փորձ է, ապա պահանջում եմ, որ այս դեպքում ևս պահպանվի օրինականությունը, այն է՝ դատական կարգով ինձ պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ է ինձ նախապես զրկել ՀՀ ԱԺ պատգամավորի անձեռնմխելիությունից:

 

Ակնկալում եմ, որ ՀՀ Գլխավոր դատախազը օրենքի և կարգի համաձայն առաջիկայում կմտնի Ազգային Ժողով և ԱԺ-ն քվեարկությամբ կզրկի ինձ անձեռնմխելիությունից: Իսկ, որ այս ամենը առնչվում է ժողովրդին տուգանքային ռեկետի ենթարկելու դեմ պայքարող պատգամավորի նկատմամբ, եզրակացությունները թողնում եմ հանրությանը»: