Գավառի քաղաքապետարանի դահլիճում տեղի ունեցան հանրային լսումներ՝ Նոր Բայազետ քաղաքի հայտնի բարերար եւ վաճառական Հայրապետ Խաչատրյանի /Կոլոտ/ արձանը Գավառ քաղաքում տեղադրելու վերաբերյալ:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի քաղաքապետարանի աշխատակազմից, լսումներին մասնակցում էին քաղաքի հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցներ, կրթամշակութային ոլորտի ներկայացուցիչներ, ավա գանու անդամներ, ուսանողներ, համայնքի բնակիչներ:

 

 

Հայրապետ Աղա Խաչատրյանի մասին հանգամանալից ելույթով հանդես եկավ Գավառի երկրագիտական թանգարանի ավագ գիտաշխատող Հասմիկ Հովեյանը' նշելով, որ հայտնի բարերարի ջանքերով ու միջոցներով ավելի քան մեկ դար առաջ հայրենի քաղաքում կառուցվել է Գեղարքունյաց թեմի աթոռանիստ հանդիսացող Սուրբ Աստվածածին եկեղեցին, Գավառի արվեստի դպրոցի շենքը, դպրոցական երկու այլ շենքեր: Բացի այդ, Հայրապետ Խաչատրյանը ամենատարբեր առիթներով օգնել է կարիքավոր մարդկանց՝ բարի անուն թողնելով սերունդների հիշողության մեջ:

 

 

Հանրային քննարկման մասնակիցները եւս նշեցին, որ Հայրապետ Խաչատրյանի արձանը Գավառում տեղադրելը թելադրված է սերունդների երախտագիտության զգացումով եւ նրա բարի անունը մոռացությունից փրկելու անհրաժեշտությամբ:

 

 

Գավառի քաղաքապետի տեղակալ Գրիգոր Բոշյանը ներկայացրեց մանրամասներ՝ արձանի ձեւի, նյութի եւ տեղադրման վայրի վերաբերյալ: Այն լինելու է բրոնզաձույլ, տեղադրվելու է Գավառի Արվեստի դպրոցի դիմաց, պատրաստվելու է Գավառի քաղաքապետարանի միջոցների հաշվին: Արձանի տեղադրման գաղափարն ընդհանուր հավանության է արժանացել:

 

 

Խոսրով Խլղաթյան