Իրաքի ներքին գործերի նախարար Մուհամադ ալ Ղաբանը հերքել է տեղեկությունն այն մասին, որ Թիքրիթում զինադադար է կնքվել «Իսլամական պետության» հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նախարարը հաստատել է, որ անվտանգության ուժերը շրջափակել են Թիքրիթ քաղաքը՝ ավելացնելով, որ ռազմական գործողությունները շատ շուտով կվերսկսվեն:
Միևնույն ժամանակ, իրաքյան ուժերի ղեկավարները հայտարարել են, որ միջագային դաշիքնի օգնությամբ Ռամադի քաղաքում ավելի քան 120 ահաբեկիչներ են սպանվել, այդ թվում՝ նրանց ղեկավարները: Իրաքյան ուժերը շարունակում են առաջ ընթանալ ահաբեկիչների դեմ պայքարում: Նրանց խոսքով' Թիքրիթի ազատագրումը կավարտվի մի քանի օրերի ընթացքում: ԻՊ-ի ահաբեկիչները մարտի 17-ին հարձակում են իրականացրել բանակի շտաբի վրա:
Թիքրիթ քաղաքի ազատագրման գործողություններն սկսվել են մարտի 2-ից: Ահաբեկիչները խոշոր վնասներ են կրել, սակայն նրանց զոհերի թվի մասին որոշակի տվյալներ դեռ չեն հրապարակվել: Թիքրիթ քաղաքն ԻՊ-ն գրավել էր 2014թ. ամռանը:
«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և, միևնույն ժամանակ, ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում: ԻՊ կազմակերպությունում ընդգրկվել են 80 երկրների մոջահեդներ: