Փակ սահմանները, արտաքին գործոնները, 90-ականների տնտեսական կոլապսն իրենց ազդեցությունն ունեցել են երկրի տնտեսության վրա, սակայն Հայաստանում դրանք չեն համարել վերջնագիր եւ փորձել են տարատեսակ ուղիներով ոչ միայն ոտքի կանգնել, այլեւ տարբեր ոլորտներում արձանագրել լուրջ ձեռքբերումներ:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի գնահատմամբ, դրա վկայությունները բազմաթիվ են թե արդյունաբերության եւ թե տնտեսության ոլորտում: Զբոսաշրջության ոլորտում Հայաստանը լուրջ ջանքեր է կատարել, եւ այսօր հյուրանոցներն ու հանգստյան տները բավարար են ընդունելու օտարերկրյա զբոսաշրջիկներին, իսկ սպասարկման որակը չի զիջում միջազգային չափանիշներին: «Զգայուն արտաքին գործոնները, փակ սահմանները Հայաստանին ստիպում են գտնել առավելագույն ռացիոնալ լուծումներ, գերխնդիր դնել տնտեսության ինովացիո ն զարգացումը, գիտելիքահեն քաղաքականությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, «Արարատի ստորոտին» միջազգային մեդիախորհրդաժողովում ասաց Կարեն Ճշմարիտյանը: ՀՀ էկոնոմիկայի նախարարը ներկայացնում է պատճառներ, թե ինչու պետք է Հայաստանում ներդրումներ կատարել:
«Հայաստանը ներդրումներ կատարելու համար ապահով պետություն է: Բացի այդ, Հայաստանը բազմաթիվ պետությունների եւ տնտեսական միությունների հետ ունի յուրահատուկ պայմաններ: ԵՏՄ 170-միլիոնանոց շուկայի հետ ունի պարզեցված մուտք: ԵՄ-ի հետ օգտվում է GSP+ համակարգից: Հայաստանն օգտվում է Ճապոնիայի, ԱՄՆ-ի, Կանադայի հետ արտոնյալ ներմուծման ռեժիմներից: Սա' զուտ տնտեսական առումով: Իսկ թե ինչու պետք է այցելել Հայաստան, ապա դրա համար կան բազմաթիվ պատճառներ: Հայաստանում արեւ կա, Հայաստանոմ կան հետաքրքրական վայրեր:Չնայած մեր երկու հարեւանների առկայությանը, այնուամենայնիվ, Հայաստանի ներսում ապահով է: Գիշերվա ցանկացած ժամին կարող եք զբոսնել եւ ձեզ ոչ մի վտանգ չի սպառնա»,- ասաց Ճշմարիտյանը' հավելելով, որ սա ուղղակի ու պարզ հաղորդագրություն է, որը կոնֆերանսի մասնակից լրագրողները պետք է հասցնեն իրենց քաղաքացիներին:
Մարտի 18-20-ը Երևանում անց է կացվում «Արարատի ստորոտին» 5-րդ միջազային եռօրյա մեդիախորհրդաժողովը: Խորհրդաժողովի ուշադրության կենտրոնում է լինելու մեկ դար առաջ Օսմանյան կայսրության կողմից Արևմտյան Հայաստանի և կայսրության այլ տարածքներում իրականացված Հայոց ցեղասպանությունը:
Խորհրդաժողովն անցնում է «Հիշում եմ և պահանջում» խորագրի ներքո: Նրա թեմատիկ ուղղություններն այն չորս սկզբունքներն են՝ Հիշողություն, Երախտագիտություն, Միջազգային պայքար ցեղասպանությունների ճանաչման համար, Վերածնունդ, որոնց տրամաբանության ներքո անց են կացվում Հայոց ցեղասպանության 100-րÕ ¤ տարելիցի ոգեկոչման միջոցառումները:
Խորհրդաժողովը մեկ հարկի տակ է հավաքել տարբեր երկրներից միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների, գիտնականների, հասարակական և քաղաքական գործիչների: Այն կհանդիսանա Հայոց ցեղասպանության պատմության, ճանաչման, պետությունների պատասխանատվության ու ապագա ոճիրների կանխարգելման, Ցեղասպանության եղելության հերքման, մշակութային արժեքների ոչնչացման ու այլ հիմնախնդիրների քննարկման հարթակ: