Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելու հետ կապված եվրոպական շուկան կորցնելու նախադրյալներ չի տեսնում: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նախարարը նշեց, որ Հայաստանը եվրոպական շուկան կորցնելու վտանգի առջև կանգնած չէ: « Եվրոպական շուկան՝ որպես մեր արտահանման շուկա, մենք կորցնելու խնդիր չունենք: Եվրոպական շու կայում մենք ունենք GSP+ արտոնությունների համակարգ, որը թույլ է տալիս մեր 6000 անուն ապրանքներն առանց մաքսատուրքերի ներմուծել այնտեղ: Եվրոպական շուկայի հետ մեր խնդիրը մի քիչ ավելի այլ է»,- նկատեց նախարարը:
Մանրամասնալով՝ նա ընդգծեց, որ գյուղատնտեսական ապրանքների մասով մենք ունենք ոչ տարիֆային խոչընդոտներ փաթեթավորման, դրանց տեսքի հետ կապված. որոշակի պահանջներ կան, որոնց մեր արտադրանքը դեռևս չի բավարարում: Խոսքը վերաբերում է մրգերի, բանջարեղենի փաթեթավորմանը:
Նախարարը նշեց, որ միգուցե, համային հատկանիշներով դրանք լավն են, բայց կան որոշակի սահմանափակումներ, որոնք պետք է գյուղատնտեսական արտադրության և վերամշալման զարգացմանը զուգընթաց ևս լուծում ստանան:
Անդրադառնալով հարցին, թե Հայաստանը հուլիսի 1-ին կստորագրի ԵՏՄ անդամակցության պայմանագիրը, Ճշմարիտյանն ասաց, որ այս պահին բանակցությունները շարունակվում են, և չի կարող ասել, թե անդամակցության պայմանագիրը երբ կստորագրվի: Նա նաև նշեց, որ աշխատանքներ են տարվում, որպեսզի ԵՏՄ անդամակցության դեպքում զգայուն ապրանքների թանկացում չլինի. դրանք ընդգրկված են ապրանքների այն ցանկում, որոնց վերաբերյալ Հայաստանը ցանկանում է արտոնություններ ստանալ: