ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մարտի 18-ին ընդունել է ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանի տեխնոլոգիաների և ազգային անվտանգության քաղաքականության կենտրոնի փոխտնօրեն, անվտանգային քաղաքագիտության դոկտոր Ջեյմս Քիգլին:
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը և Ինստիտուտի պետի տեղակալ, վերլուծական կենտրոնի պետ, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ՊՆ Դ. Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի հենքի վրա 2015թ.-ին մեկնարկելիք Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի ստեղծման նախապատրաստական աշխատանքները:
Սեյրան Օհանյանը գոհունակություն է հայտնել Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի ստեղծման ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքներից և կարևորել է պաշտպանության նախարարության շուրջ միջգերատեսչական անվտանգային ներուժի համախմբումը: