ՀՀ արդարադատության նախարարության իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոնի նոր պաշտոնական կայքը արդեն գործարկվել է:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, Rehab-center.am կայքի նպատակն է ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարության իրավախախտում կատարած անձանց կենտրոնի ընթացիկ աշխատանքները և այն ծրագրերի որոնք նպաստելու են պատիժ կրող անձանց վերաինտեգրմանը՝ սոցիալական, կրթական, հոգեբանական, հետազոտական, մշակութային և մարզական ոլորտներում:
Ընդհանուր գործունեությունը և կատարված աշխատանքները ներկայացնելուց բացի, ՊՈԱԿ-ի տնօրեն Գայանե Հովակիմյանը նշել է, որ քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչներ, լրագրողներ, ինչպես նաև դատապարտյալների ճակատագրով մտահոգ կազմակերպություններ ու անհատներ, բազմիցս կարևորել են կայքի ստեղծումը, ինչը հետադարձ կապ հաստատելու լրացուցիչ հնարավորություն է:
Գայանե Հովակիմյանը նաև նշել է, որ կենտրոնում յուրաքանչյուր ծրագրի կիրառման և զարգացման վրա աշխատում են հատուկ մասնագետներ, որոնց առաքելությունն է աջակցել այն մարդկանց, ովքեր կզգան իրենց կենտրոնի խորհրդատվության կարիքը: Խորհրդատվությունը հիմնականում տարբեր ծրագրային ուղղություններով է, որոնք ոչ միայն կենտրոնի որդեգրած վերասոցիալիզացիայի հիմքում են, այլև ապահովելու են յուրաքանչյուր շահառուի ինքնագնահատականի, ինքնաընկալման և անձնական աճի դրական շարժերը:
Օրինակ, սոցիալական ծրագիրն իրականացվում է քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրած անձանց շրջանում՝ ազատազրկումը կրելուց հետո վերաինտեգրման աշխատանքների նպատակով: Կենտրոնը նաև որոշակի ծրագրեր է իրականցնում կին դատապարտյալների համար՝ դիտարկելով նրանց առաջին հերթին որպես մայր և լիարժեք քաղաքացի:
Կարևորելով վերաինտեգրման հոգեբանական գործոնը՝ ՊՈԱԿ-ում շեշտը հիմնականում դրվում է դիմացինի վարքի ադեկվատ ընկալման և սոցիալական հմտությունների ձևավորման վրա: Այս ամենից բացի, հիմնարկն իրականացնում է ուսումնասիրություններ և վերլուծություններ, ձևավորում տեղեկատվական և վիճակագրական շտեմարաններ, որոնց հիման վրա հրապարակում է տեղեկատվական-վերլուծական նյութեր և գրականություն: Կենտրոնի շահառուներին սովորեցնում են տարբեր ձեռքի աշխատանքներ, որոնք հետագայում նրանց ապրուստի միջոց կծառայեն: