ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նախնական տվյալներով՝ անհայտ անձինք ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, մուտք են գործել Բաղրամյան փողոցի դեղատներից մեկը և հափշտակել 150 հազար դրամ արժողությամբ IPOD ապրանքանիշի պլանշետ և 25 հազար ՀՀ դրամ կանխիկ գումար:
Դեպքի առթիվ 2018 թվականի հոկտեմբերի 7-ին ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:
Նախաքննության ընթացքում ստացվել է դեպքի վայրի տեսախցիկների տեսագրությունը, որը ֆիքսել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց:
Քննություն է տարվում՝ դեպքի բոլոր հանգամանքները բազմակողմանի, օբյեկտիվ հետազոտելու ուղղությամբ, և միջոցներ են ձեռնարկվում՝ տեսապատկերված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։
Ովքեր ճանաչում են տեսապատկերված անձանց, կամ որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, ՀՀ քննչական կոմիտեն խնդրում է հայտնել ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանների քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: