ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մարտի 19-ին' 21.20-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթի ՃՈ հենակետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:

 

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մերսեդես» մակնիշի 51QL001 պ/հ (վարորդ Ա. Մ. ծնված 1965թ.) և «Մերսեդես» մակնիշի 11VV115 պ/հ (վարորդ Ռ. Բ. ծնված 1962թ.) ավտոմեքենաները, այնուհետև դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Նորագավիթի ՃՈ հենակետի ցանկապատած տարածքում:

 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Ա. Մ.-ն և «Մերսեդես» մակնիշի 51QL001 պ/հ ավտոմեքենայի ուղևոր Գ. Ս.-ն (ծնված 1982թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Մասիսի ԲԿ, որտեղ տուժածներին ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն և դուրս գրել:

 

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ռ.Բ.-ին, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Էրեբունի ԲԿ», որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: Ժամը 23:08-ին հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները և անջատել մարտկոցները: