Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական զավեշտալի հայտարարությամբ է հանդես եկել: Այս անգամ նա հայտնել է, թե ինչպես է մի անգամ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային խորհուրդներ տվել բարեփոխումներ իրականացնել առողջապահական ոլորտում:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է politico.com-ը:

 

Թուրքիայի նախագահը պատմել է, թե ինչպես մի անգամ, երբ ուրբաթօրյա աղոթքի համար գնացել է մզկիթ, իրեն են մոտեցել ամերիկացի զբոսաշրջիկներ: Տեղեկացված լինելով, որ մեկ շաբաթ անց ինքը մեկնելու է ԱՄՆ, զբոսաշրջիկները «խնդրել են իրեն Օբամային հանդիպելու ժամանակ ասել նրան, թե ինչպես է Թուրքիան նման հաջողությունների հասել առողջապահական ոլորտում»: Էրդողանը պատմել է, թե այս մասին նա ասել է Միացյալ Նահանգների նախագահին, սակայն «խնդիրը հնարավոր է եղել միայն մասնակի լուծել»:

 

Զավեշտալին այն է, որ նման հայտարարություն Թուրքիայի նախագահն անում է այն պայմաններում, երբ ԱՄՆ-ի պետդեպարտամենտը փաստել է, որ բժշկական օգնությունը Թուրքիայի տարբեր հիվանդանոցներում մեծապես տարբերվում է: Այնպիսի մեծ քաղաքներում, ինչպիսիք են Անկարան և Ստամբուլը, կան ժամանակակից սարքավորումներ, սակայն մյուս տեղերում մինչև հիմա պայքարում են ավելի առաջատար բժշկական հաստատություններ ունենալու համար: