ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում մարտի 20-ին Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները հանդիպել են համալսարանականների հետ: Ինչպես «Արմենպրես» -ին տեղեկացրին ԵՊՀ-ից, 2015-ի գարնանային զորակոչից առաջ ՀՀ պաշտպանության նախարարությունը բոլոր բուհերի բակալավրիատի և մագիստրատուրայի վերջին կուրսերի ուսանողներին առաջարկում է պարտադիր զինծառայություն անցնելու, միաժամանակ ուսումը շարունակելու կամ 2-րդ մասնագիտություն ձեռք բերելու նոր տարբերակ:

 

 

Հյուրերին ողջունել է ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ինչից հետո ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության բաժնի պետ գնդապետ Ա. Դավթյանը ուսանողներին է ներկայացրել ծրագրի մանրամասները:

 

 

Հանդիպմանը ներկա են եղել նաև ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտի դասախոսներ, ինչպես նաև ԵՊՀ ուսումնամեթոդական վարչության պետ Հրանտ Ժամհարյանը:

 

 

Այս տարի նույնպես ՊՆ բարձրագույն ռազմաուսումնական հաստատություններում ընդունելություն է իրականացվելու երեք՝ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հրետանավորի, մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտում կապավորի և հակաօդային պաշտպանության մասնագիտություններով:

 

 

Մեկամյա ուսումն ավարտելուց հետո զինծառայողը նախկին 5 տարվա փոխարեն այժմ 3 տարի ժամկետով պարտադիր ծառայության պայմանագիր է կնքում, ինչից հետո հնարավորություն է ստանում ազատ որոշում կայացնելու՝ շարունակել կարիերա կառուցել (այդ թվում' վերապատրաստվել) զինված ուժերո՞ւմ, թե՞ գործունեություն ծավալել քաղաքացիական մասնագիտությամբ:

 

 

Մեկամյա դասընթացներն ավարտելուց հետո շրջանավարտը ստանում է լեյտենանտի կոչում և դասակի հրամանատարի որակավորում, այնուհետև վիճակահանության սկզբունքով պարտադիր զինծառայության է անցնում ՀՀ տարածքում տեղակայված զորամասերից որևէ մեկում: Գերազանց առաջադիմությամբ ավարտածները հնարավորություն կստանան ներկայացված ցանկից ինքնուրույն ընտրելու այն զորամասը, որտեղ պետք է ծառայության անցնեն:

 

 

Հանդիպման վերջում համալսարանականները մի շարք հարցեր են ուղղել ՊՆ ներկայացուցիչներին, ովքեր բավականին հանգամանորեն պատասխանել են ուսանողներին հուզող բոլոր հարցերին: