Բարձրագույն ուսումնական հաստատությունների համակարգի բարեփոխումների համատեքստում Կառավարությունը քննարկում է սպայական ուսումնական հաստատության ստեղծման հարցը։ Կառավարության հերթական նիստում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ ցանկացած երկրում սպայական դասը պետության կարևորագույն հենասյուներից մեկն է, Հայաստանում օբյեկտիվ հանգամանքների բերումով սպայակազմի մեջ կան բազմաթիվ մարդիկ, որոնց առաջին մասնագիտությունը այլ է՝ մանկավարժ, գիտնական, ինժեներ։ Ըստ վարչապետի՝ նման միտումը երկարաժամկետ կտրվածքով ռազմավարական խնդիրներ կարող է առաջացնել։
«Սա անկախության առաջին տարիներին հասկանալի և ընդունելի գործընթաց էր, բայց, կարծում եմ, որ 30 տարվա արդյունքներով նման քաղաքականությունը շարունակելը խնդրահարույց է, որովհետև սպայական դասը բոլորվին ուրիշ երևույթ է։ Հասկանալի է, որ, կարիքներից ելնելով, մենք շատ դեպքերում լուծումներ ենք գտնում՝ մտածելով, որ այս պահի խնդիրը լուծենք, բայց ռազմավարական խնդիր ենք բաց թողնում։
Բուհական համակարգի փոփոխության համատեքստում քննարկում ենք սպայական հաստատություն ստեղծելու հարցը, որը սովորական բուհերից կտարբերվի։ Դա չի լինի ուղղակի բակալավրիատ, այլ սպա պատրաստող ուսումնական հաստատություն կլինի։ Սա շատ լուրջ և խորքային խնդիր է, հայեցակարգային խնդիր է, պետության կայացման և ինստիտուտների պետականակենտրոն դասի ձևավորման խնդիր է։ Այստեղ պետք է լրջորեն մտածենք։ Երեկ խորհրդակցություն ենք ունեցել այդ թեմայով, ես դրա հետ կապված հանձնարարական եմ տվել, որ այս ուղղությամբ մտածենք։ Սա չափազանց կարևոր և նուրբ թեմա է, պետք է շատ լուրջ քննարկումներ ունենանք, որպեսզի կարողանանք ճշգրիտ որոշումներ կայացնել»,- ընդգծեց վարչապետը։