Շվեյցարիայի կառավարությունը քննարկում է թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքի գործով Մարդու իրովունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավճիռը բողոքարկելու հարցը և իր որոշման մասին կհայտնի պաշտոնական հաղորդագրությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց Շվեյցարիայի Արդարադատության և ոստիկանության դաշնային դեպարտամենտի հաղորդակցության բաժնի աշխատակից Ֆոլկո Գալին: «Հարցը, թե արդյոք պետք է պահանջ ներկայացնել, որ գործն ուղարկվի Գերագույն պալատ, դեռ ընթացքի մեջ է: Կայացրած որոշման մասին կհայտնենք պաշտոնական հաղորդագրությամբ»,- նշեց նա:

 

Շվեյցարիան կարող է հակընդդեմ հայց ներկայացնել ՄԻԵԴ Գերագույն պալատ մինչև մարտի 15-ը՝պահանջելով վերանայել դեկտեմբերի 17-ի դատավճիռը: 2013 թվականի դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար շվեյցարական դատարանի կողմից մեղավոր ճանաչված Դողու Փերինչեքի հայցը: Եվրադատարանը Դողուի հայցի բավարարումը հիմնավորել է նրանով, որ շվեյցարական դատարանը խախտել է Եվրոպական կոնվենցիայի խոսքի ազատության վերաբերյալ 10-րդ և 7-րդ հոդվածները: Սակայն Եվրոպական դատարանի որոշումը լի է եղել փաստական անճշտություններով և միաձայն չի ընդունվել, քանզի գործը քննող յոթ դատավորներից երկուսը՝ Նեբոժսա Վուչինիչը (Չեռնոգորիա) և Պաուլո Պինտոդը Ալբուկերկեն (Պորտուգալիա) դեմ են արտահայտվել:

 

Հայոց ցեղասպանությունը լկտիաբար «միջազգային սուտ» անվանելու համար Լոզանի ոստիկանության դատարանը 2007 թվականի մարտին Աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքին դատապարտել, ապատուգանել էր՝ մեղադրելով ռասայական խտրականության մեջ: Դատավճիռը հաստատել էր Շվեյցարիայի վերաքննիչ դատարանը, որոշելով, որ նա խախտել էր Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածը: