Հայաստանի տարածքում առաջիկա 5 օրերին կդիտվի եղանակային անկայուն վիճակ, որը կշարունակվի մինչև մարտի 26-27-ը: Դրանից հետո կանխատեսվում է հարավ-արևելյան տաք օդային հոսանքների ներթափանցում հանրապետության տարածք: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հայաստանի հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը' խոսելով կանխատեսվող եղանակային պայմանների մասին: Մարտի 22-ին' օրվա երկրորդ կեսից, հանրապետությունում գործելու է հերթական ցիկլոնը, և կեսօրից հետո հանրապետության գրեթե ողջ տարածքում տեղումներ կդիտվեն: «Հանրապետության որոշ հատվածներում տեղումները ինտենսիվ կլինեն: Լեռնային շրջաններում դրանք կլինեն ձյան տեսքով, նախալեռնային տարածքներում' թաց ձյան և անձրևի: Տեղումները կշարունակվեն մինչև մարտի 23-ը ներառյալ, իսկ այդ օրը' ցերեկը, կնկատվի տեղումների դադար: Մարտի 24-ին հանրապետությունը կրկին կգտնվի ցիկլոնի ազդեցության ներքո և կրկին կանխատեսվում են տեղումներ, որոնք կշարունակվեն նաև հաջորդ օրը: Մարտի 26-ից արդեն կդիտվի առանց տեղումների եղանակ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' ասաց Սուրենյանը:

 

Գագիկ Սուրենյանի խոսքով'առաջիկա օրերին հանրապետությունում ցրտահարության վտանգ չկա: «Օդի ջերմաստիճանն Արարատյան դաշտում կանխատեսվում է մինչև 1 աստիճան, իսկ մարտի 26-ից կներթափանցեն հարավ-արևելյան տաք օդային հոսանքներ, և ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, այսինքն' եթե մինչև մարտի 26-ն Արարատյան դաշտում և Երևանում սպասվում է 1-3 աստիճան տաքություն, ապա դրանից հետո կլինի 4-6 աստիճան տաքություն»,- ասաց նա:

 

Խոսելով ապրիլ ամսվա կանխատեսումների մասին' Գագիկ Սուրենյանը հայտենց, որ ապրիլին երկրի ողջ տարածքում տեղումները սպասվում են նորմայից ավելի, իսկ օդի ջերմաստիճանը' նորմայի սահմաններում: «Ամսվա առաջին տասնօրյակում լեռնային շրջաններում հնարավոր է ջերմաստիճանի անկում մինչև 7-12 աստիճան, իսկ երկրորդ տասնօրյակում' եղանակը կտաքանա: Արարտյան դաշտում և Երևանում ապրիլի սկզբին չի բացառվում եղանակի անկում մինչև 1-2 աստիճան գիշերային ժամերին, իսկ ամսվա երկրորդ տասօրյակում եղանակը կտաքանա»,- հավելեց նա: Օդերևութաբանի խոսքով' այն տարածքներում, որտեղ ծառերը ծաղկած են, ձյան տեսքով տեղումներ չեն սպասվում: