Մարտի կեսերից հանրապետության տարածքում գրանցված բարձր ջերմաստիճանը մարտի վերջին կփոխարինվի ցածր ջերմաստիճանով: Մարտի 28-ին հրավիրված ասուլիսում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայության պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը նշեց, որ ցածր ջերմաստիճանի պատճառը մարտի 27-ից Բարենցի ծովի շրջանում ձևավորված արկտիկական ցուրտ ճակատն է:
«Արդեն վաղը մենք մարզերում կզգանք ինտենսիվ տեղումներ: Քամու ուժգնացում մինչև 30 մմ վայրկյան արագությամբ»,- տեղեկացրեց Սուրենյանը:
Նրա խոսքով, սկսած մարտի 30-ի առավոտյան ժամը 6-7-ն ընկած հատվածից, հանրապետության տարածքում ջերմաստիճանը կսկսի նվազել:
«Մարտի 30-ի առավոտյան մարզերում կտեղա թաց ձյուն, բացառված չէ բուք, տեղ-տեղ' մերկասառույց: Օրվա երկրորդ կեսին ցիկլոնը կտեղափոխվի արևելք հանրապետության տարածք»,- տեղեկացրեց Հիդրոմետ ծառայության պետի տեղակալը:
Նա հայտնեց, որ մարտի 30-ին և 31-ին ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 10-15 աստիճանով, Արարատյան դաշտում կդիտարկվի մինչև 4 աստիճան ցուրտ: Լոռիում, Տավուշում, Սյունիքի հովիտներում և նախալեռներում բացառված չէ ցրտահարության վտանգը:
«Նշված ջերմային ֆոնը կպահպանվի մարտի 31-ից ապրիլի 1-ը: Ապրիլի 1-ից ջերմաստիճանը կսկսի բարձրանալ: Հիմնականում ցանկանում եմ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ արկտիկական օդի ներխուժումը բավականին բուռն է արտահայտված, և սա այն դեպքերից է, երբ մենք կցանկանայինք, որպեսզի մեր կանատեսումները չարդարանան»,- ընդգծեց մասնագետը:
Ասուլիսը ավարտելով լավատեական տեղեկատվությամբ' նա հավելեց, որ ապրիլի 1-ից ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով, տեղումների քանակը չի գերազանցի նորման: