Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը մեկնաբանել է խոսակցություններն այն մասին, որ սահմանին պետք է կանգնեն ոչ թե 18 տարեկան ժամկետային զինծառայողները, այլ միայն պրոֆեսիոնալներ: Մարտի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը Թևան Պողոսյանը շեշտեց, որ առաջին անգամը չէ, որ հայկական բանակի երիտասարդներն արժանի են իրենց պրոֆեսիոնալ կոչմանը, որովհետև նրանք փայլուն են կատարում իրենց ծառայությունը: «Մեր 18-19 տարեկան զինծառայողներն անցած ամռան ընթացքում էլ ապացուցել են, որ որևէ բանով չեն զիջում Թուրքիայում վերապատրաստում անցած ադրբեջանցի հատուկ ջոկտայիններին: Հայկական բանակը հակամարտության ողջ ընթացքում ապացուցել է, որ ինքն է առաջնագծի տերը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Պողոսյանը:
Պատգամավորն ընդգծեց, որ շատ լավ կլինի, եթե Հայաստանն ունենա պրոֆեսիոնալ բանակ՝ շեշտելով, որ դրա ձևավորման ճանապարհը հնարավոր չէ մեկ օրում անցնել: «Դրա համար անհրաժեշտ են ոչ միայն ֆինանսական միջոցներ, այլ հարկավոր է, որ այդ բանակում ծառայություն անցնողն ունենա համապատասխան փորձ»,- ասաց Պողոսյանը:
Դիտարկմանը, թե գոնե սահմանին պետք է կանգնեն միայն պրոֆեսիոնալներ, Պողոսյանը պատասխանեց, որ այսօր հնարավոր լուծումներից Հայաստանն ունի այն, ինչ ունի: «Լուծումների շատ տարբերակներ կարելի է ունենալ, սակայն եկեք նայենք, թե ինչ հնարավորություններ կան: Իսկ իրականում այդ տղաները հայրենասիրություն են յուրացնում, և ճիշտ է այն գնահատականը, որ 18-20 տարեկանում է տղամարդը ձևավորվում»,- նկատեց պատգամավորը: Եզրափակելով խոսքը՝ Պողոսյանը վստահություն հայտնեց, որ հայկական բանակն իր ֆունկցիան փայլուն կատարում է: