«Իսլամական պետությունը» հաշվեհարդար է տեսել իր շարքերում կռվող 18 ահաբեկիչների հետ՝ նրանց մեղադրելով դավաճանության մեջ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական աղբյուրները, սպանությունը տեղի է ունեցել Քիրքուք նահանգում: Ծայրահեղականները սպանել են նախկին զինակիցներին այն պատճառով, որ նրանք փորձել են փախուստի դիմել: Նախկին ահաբեկիչները քրդական փեշմերգա ուժերին փորձել են տեղեկացնել զենքերը վայր դնելու և հանձնվելու մասին: Սակայն գրությունը հայտնվել է ԻՊ-ի ձեռքում: Սպանվածներն արաբներ են, ովքեր ընդգրկվել էին ԻՊ-ի շարքերում իրենց տարածքները գրավելուց հետո:
Նմանատիպ դեպք գրանցվել էր մի քանի օր առաջ, երբ 10 նախկին ահաբեկիչներ հանձնվել էին քրդական ուժերին:
«Իսլամական պետություն» իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունը գործում է Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2013թ. ապրիլին «Ալ Կաիդա»-ի երկու ճյուղերի միավորման արդյունքում ձևավորվել է խմբավորում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանումով, որի նպատակն էր կազմավորել իսլամական էմիրություն Լիբանանի, Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2014թ. հունիսի 29-ին ԻԼԻՊ-ը Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներում հայտարարել&n bsp;է Իսլամական խալիֆայություն հիմնելու մասին, որի խալիֆ է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: Այնուհետև կազմակերպության անվանումը փոխելու որոշում է ընդունվել, և այն վերանվանվել է «Իսլամական պետություն»: Խմբավորման կազմում կռվում են 80 երկրի ապստամբներ: