Փետրվարի 20-ին, ժամը 03:40-ի սահմաններում, անհայտ անձը ուրիշի գույքը վնասելու դիտավորությամբ հրազենից կրակոցներ էր արձակել Երևանի Նորքի տներից մեկի' առաջին հարկում գտնվող ավտոտնակների դարպասների ուղղությամբ:
Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ:

 

Քննության ընթացքում ի հայտ եկավ տանտիրոջը հասցեագրված մի երկտող: Համակարգչով տպված տեքստում նամակագիրը նշում էր, թե ինքն է կրակողը, և պահանջում էր' գնել նոր հեռախոսահամար, այն գրել «ԱՏՍ»-ի շենքի մոտ գտնվող կանգառի ապակիների վրա, որից հետո այդ հեռախոսահամարով նա կկապվի տանտիրոջ հետ, որպեսզի նրանից ստանա 32 հազար դոլար, այլապես սպառնում էր վնասել թե նրան, թե ընտանիքի անդամներին:

 

Մարտի 2-ի առավոտյան նույն տան դարպասի բռնակին հայտնաբերվում են մետաղյա լարով ամրացված «ՌԳԴ-5» տեսակի նռնակ և պայթուցիչ: Տանտիրոջը հասցեագրված նոր նամակում էլ նշվում էր, թե «Հաջորդ անգամ գրանատը ռասծյաշկայով կլինի»:

 

Դեպքի բացահայտման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները պարզում են կասկածյալների ինքնությունը' եղբայրներ, Նորքի բնակիչներ' 1960 թ. ծնված Սարգիս և 1965 թ. ծնված Հայկ Հայրապետյաններ:

 

Սարգիս Հայրապետյանի տան խուզարկությամբ հայտնաբերվել է «Ֆ-1» տեսակի մեկ նռնակ՝ պայթուցիչով, մեքենայի մեկ զույգ համարանիշ, իսկ նրան պատկանող, Աբովյան քաղաքում գտնվող քարի արտադրամասի խուզարկությամբ հայտնաբերվում և առգրավվում են' երեք ինքնաձիգ, «ՌՊԳ» տեսակի մեկ նռնականետ՝ փամփուշտով, ինքնաձիգի 15 պահունակ' լիցքավորված, ինքնաձիգի 700 փամփուշտ, գազային մեկ ատրճանակ, տարբեր տրամաչափի այլ փամփուշտներ:

 

Նրա եղբոր' Հայկ Հայրապետյանի տնից հայտնաբերվել են համակարգիչ ու տպիչ, որի վրա առկա թղթին տպված էր տուժած տանտիրոջ հասցեն, նաև ինքնաշեն մեկ հրացան:

 

Մարտի 21-ին Սարգիս Հայրապետյանը «Զվարթնոց» օդանավակայանից, իսկ Հայկ Հայրապետյանը' Նորքի իր տնից բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին:

 

Կատարվում է քննություն: