ԼՈՒՐԵՐ.com-ն արդեն տեղեկացրել է, որ Սպիտակ քաղաքում դաժան և սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել: Այգեստան թաղամասի բնակչուհուն բնակելի շենքի շքամուտքում գտել են կախված վիճակում, իսկ երկու երեխաներին՝ անկողնում մահացած:
Ինչպես ավելի ուշ հայտնի դարձավ՝ ինքնասպանություն գործած կինը 1971 թվականին ծնված, 45-ամյա Մարինե Հովհաննիսյանն է, ով, նախնական վարկածի համաձայն, ինքնասպան լինելուց առաջ խեղդամահ է արել իր երկու երեխաներին՝ 7-ամյա Մանեին և 5-ամյա Շողիկին: Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ նախնական տվյալներով՝ կինն իր երեխաների հետ նշված տանը բնակվել է վարձակալական հիմունքներով։
Երեխաների մահվան հանգամանքները պարզվում են: «Արտաքին զննությամբ՝ երեխաների մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, սակայն դեռ հստակ չեմ կարող ասել, քանի որ դեպքի վայրում աշխատում են դատաբժիշկները և քրեագետները: Ավելի ուշ՝ կկարողանանք մանրամասներ հաղորդել»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը: