Հոկտեմբերի 11-ին, ժամը 05.10-ին, ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Արզնի գյուղի, Գետաշեն 3-րդ թաղամասի թիվ 23 տանը դիմակավոր մարդ է մտել:
Մեկնած օպերատիվ խմբին, ժամը 06.00-ին, 1949 թ. ծնված Սոնյա Ղ.-ն հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 05.00-ի սահմաններում, անհայտ անձը' դիմակավորված, ատրճանակով զինված, խոհանոցի պատուհանից մուտք է գործել իր տուն և զենքի սպառնալիքով հափշտակել 700.000 դրամ, ոսկյա շղթա՝ կախազարդով և արծաթյա մատանի:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
Հոկտեմբերի 12-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում նյութեր են ստացվել, որ քննչական բաժանմունքում քննվող քրեական գործով որպես վկա հարցաքննված 1959 թ. ծնված Մարիամ Մ.-ն ցուցմունք է տվել, որ հոկտեմբերի 11-ին, երբ ինքը եղել է քնած, դիմակավորված անձն ապօրինի մուտք է գործել իր տուն, ու երբ արթնացել է, նա բռնել է իր բերանը' ասելով, որ չգոռա, թե չէ կսպանի, որի ժամանակ քաշքշոց է առաջացել, ինչի ընթացքում անհայտ անձը հարվածել է իր մարմնի տարբեր մասերին ու դիմել փախուստի:
Մարիամ Մ.-ն իր լրացուցիչ ցուցմունքում նշել է, որ իր տուն մտած անձին ճանաչել է ձայնով' նա իր մտերիմ Սոֆյայի թոռ Սուրենն է եղել, որի ձեռքին նկատել է ատրճանակ:
Պարզվել է, որ Սուրենը 1984 թ. ծնված Սուրեն Թ.-ն է, ով նույն օրը բերման է ենթարկվել:
Հոկտեմբերի 13-ին, ժամը 00.50-ին, Սուրեն Թ.-ն ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի ՁՊՎ:
Կատարվում է նախաքննություն: