ԱՄԷ քաղաքացի Ռիմ Բ.-ն ոստիկանության բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2015թ. մարտի 1-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, ֆինանսական պարտք ու պահանջի և կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հատուկ ծառայություն իրականացնող անձը հրելու միջոցով բացելով դուռը իր կամքին հակառակ մուտք է գործել բնակարան, ապտակել է իրեն, գոտկատեղից հանել ատրճանակը և պ ահելով իր ճակատին' սպանության և առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիք է տալուց հետո հեռացել է: Նույն օրն իր որդին բնակարանի մուտքի մոտից գտել է փամփուշտակալի նմանվող առարկա, որի մեջ եղել են 8 չկրակված փամփուշտներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից, ԱՄԷ քաղաքացի Ռիմ Բ.-ի հաղորդման հիման վրա սպանության և առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիքի, բռնությամբ գործադրմամբ զուգորդված բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և կրելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով, 147-րդ հոդվածի 2-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: