Դեկտեմբերի 28-ին, ժամը 21:53-ին Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի կայանի հերթափոխի պետից «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ էներգաբլոկի աշխատակիցներից մեկը բարձրացել է մոտ 270 մ բարձրության խողովակի վրա և չի կարողանում իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր են մեկնել Հրազդան ՋԷԿ-ի պահպանության հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի քիմիական արտադրամասի օպերատոր Աշոտ Գ.-ն (ծնված 1997 թ.) բարձրացել է ծխահեռացման խողովակի վրա (մոտ 270 մ) և սպառնում է ինքնասպանություն գործել:
Գիշերային, բարդ և եղանակային անբարենպաստ պայմաններում փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատի փրկարարներին հաջողվել է հաղթահարել բարձրությունը և կանխել Աշոտ Գ.-ի ինքնասպանության փորձը՝ նրան անվնաս իջեցնելով մոտ 270 մ բարձրությունից:
Դեպքի վայրում են գտնվել փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի պետ փ/ծ փոխգնդապետ Հայկ Նաղդալյանը և մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ, ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ փ/ծ փոխգնդապետ Արմեն Գյուրջինյանը:
Փրկարարական աշխատանքները ղեկավարել է փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի պետ փ/ծ փոխգնդապետ Հայկ Նաղդալյանը:
Դեպքի վայրում են գտնվել նաև ոստիկանության և շտապօգնության աշխատակիցները: