Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ժամը 13։30-ի սահմաններում Ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքով հոսող Դեբեդ գետի մեջ տղամարդու դի կա։

Փրկարարներն ու ոստիկանները գետում հայտնաբերել են Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 52-ամյա Երվանդ Սարգսյանի դին։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Ե. Սարգսյանը ամենայն հավանականությամբ ինքնասպան է եղել՝ ցած նետվելով քարե կամրջից։ 

ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկություններով՝ 52-ամյա Երվանդ Սարգսյանը հոգեկան առողջության հետ կապված  խնդիրներ է ունեցել: Հոկտեմբերի 9-ին, ժամը 11։10-ի սահմաններում էլ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասի 1/19 շենքի բնակարաններից մեկում։

Հրշեջ-փրկարարները մարել էին թիվ 29 բնակարանում առաջացած հրդեհը և ոստիկանների ու քաղաքացիների հետ տարհանել մուտքի բնակիչներին։

Իսկ նշված բնակարանի տիրոջը՝ 52-ամյա Երվանդ Սարգսյանին, հայտնաբերել էին բնակարանում, հատակին ուշագնաց ընկած վիճակում։