Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված 30 րոպեանոց կարճ քննարկում է տեղի ունեցել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատում: Այն նախաձեռնել էր Լեյբորիստական կուսակցությունը ներկայացնող պատգամավոր, Հայ-բրիտանական միջխորհրդարանական միության բրիտանական խմբի անդամ Ստեֆըն Փոունդը:

 

Բրիտանացի խորհրդարանականներին ներկայացնելով Հայոց ցեղասպանության ականատեսների' Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի, Հայոց ցեղասպանությունը վերապրած Գեորգես Բալաքյանի վկայությունները' Ստեֆըն Փոունդն իր ելույթում նշել է. «Կարևոր է, որ մենք այս պալատում քննարկենք այս հարցը և ցույց տանք, որ գիտենք այդ խնդրի մասին: 1.5 մլն հայեր քշվել են սիրիայի անապատներ' մահանալու այրող արևի տակ: Համակենտրոնացման ճամբարներ տանող մահվան երթի ժամանակ նախ սպանել են տղամարդկանց, ապա Ներքին գործերի նախարարը հրահանգել է. «Սպա նել կանանց, տղամարկանց և բոլոր երեխաներին, ովքեր իմ ծնկի չափ են»»:

 

«Եթե դա ցեղասպանություն չէ, ապա ես իսկապես չգիտեմ, թե որն է ցեղասպանությունը»,- ասել է Փոունդը: Նա հավելել է, որ միայն Տրապիզոնում 40 000 հայ է սպանվել: Շատերին դրել են նավերը, տարել Սև ծով և խեղդել, մարդկանց ներարկել են որովայնային տիֆի վարակով, փորձարկումներ արել երեխաների վրա: Տրապիզոնում տեղի ունեցածի ականատեսն է եղել Տրապիզոնում Իտալիայի գլխավոր հյուպատոս Ջիակոմո Գորրինին: Քննարկման ընթացքում բրիտանացի խորհրդարանականներից մեկն էլ բարձրացրել է Թուրքիայի կողմից ներողություն խնդրելու անհրաժեշտության հարցը, որին ք ննարկման հեղինակը համաձայնել է:

 

Ինչպես «Արմենպրես»-ի հետ հեռախոսազրույցում ասաց Հայ-բրիտանական միջխորհրդարանական միության բրիտանական կողմի համանախագահ Ջոն Ուիթինգդեյլը, քննարկման նպատակն էր բարձրացնել բրիտանացի պատգամավորների իրազեկվածությունը Հայոց ցեղասպանության մասին և ոգեկոչել ցեղասպանության 100-րդ տարելիցը: «Բրիտանական խորհրդարնում մենք տարբեր ցեղասպանությունների ոգեկոչման միջոցառումներ ենք անցկացնում: Բոլորովին վերջերս ոգեկոչեցինք Հոլոքոստի զոհերի հիշատակը: Այս տարի լրա նում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, ուստի կարևոր է քննարկում սկսել, որպեսզի մարդիկ հիշեն տեղի ունեցածը և դասեր քաղեն դրանից: Այդ կերպ մենք կարող ենք երաշխավորել, որ նման սարսափելի իրադարձություններ այլևս տեղի չունենան»,- ասաց խորհրդարանականը:

 

Ջոն Ուիթինգդեյլը նաև նշեց, որ այս տարվա վերջին նախատեսվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման կարգ մատուցել Վեսթմինիսթերյան աբբայությունում: «Ես գիտեմ, որ մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանն ակնկալում է, որ նման պատարագի մատուցում կազմակերպվի»,- հայտնեց նա: