Ֆրանսիայի հարավում կործանված A320 ինքնաթիռի մոտ նախօրեին գրանցվել էին տեխնիկական խնդիրներ: Այս մասին հաղորդում է Der Spiegel-ը` վկայակոչելով Lufthansa ավիաընկերությանը:

 

Հնարավոր է, հենց այդ պատճառով Germanwings ավիաընկերության Airbus A320-ի մի քանի ինքնաթիռի անձնակազմեր այսօր հրաժարվել են չվերթներ իրականացնելուց:

 

Der Spiegel-ի փոխանցմամբ՝ ինքնաթիռը մեկուսախցի դռան հետ կապված անսարքություններ է ունեցել, որտեղ հավաքվել է ցռուկի նոր շասին: Ինքնաթիռը համարվել է թռչիքին անպատրաստ և մի քանի ժամ գտնվել է Դյուսելդորֆի օդանավակայանի կայանատեղիում:

 

«Սակայն այդ խնդիրն ամբողջովին լուծվել էր, և ինքնաթիռը վերադարձել էր կանոնավոր չվերթների իրականացմանը»,- պարբերականին հայտնել են Lufthansa ավիաընկերությունում:

 

Germanwings ավիաընկերությանը պատկանող Airbus A320 իքնաթիռը կործանվել է Ֆրանսիայի հարավում մարտի 24-ին: Այն իրականացնում էր Դյուսելդորֆ-Բարսելոնա չվերթը: Վերջին տվյալների համաձայն՝ ինքնաթիռում եղել է 150 մարդ, որոնցից 45-ը Իսպանիայի քաղաքացիներ են: