Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանից Տվեր ուղևորվող ավտոբուսը Վորոնեժի շրջանում այսօր՝ մարտի 20-ին, վթարի էր ենթարկվել: Իրար էին բախվել Երևանից Տվեր ուղևորվող «Mercedes» մակնիշի 308 AF 61 պետհամարանիշով ավտոբուսը և բեռնատարը:
Նշենք, որ ավտոբուսը պատկանում է կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող, մրցույթում հաղթած «Ման-Տուր» ընկերությունը: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում «Ման-Տուր» ընկերության տնօրեն Ղուկաս Ղուկասյանը վստահեցրեց, որ ավտոբուսը օրինական կերպով է ուղևորափոխադրումն իրականացրել:
Նա բացառեց այն հանգամանքը, որ հնարավոր է՝ ավտոբուսը տեխնիկական խնդիրներ է ունեցել. «Մրցույթ անցած մեքենա է եղել և տեխնիկական որևէ խնդիր չի ունեցել, գերազանց վիճակում է եղել: Կարծում եմ՝ վթարի պատճառը մարդկային կամ եղանակային գործոնով է պայմանավորված»,- ասաց նա:
Նկատենք, որ ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառն ավտոբուսի հանդիպակաց ուղղություն դուրս գալն է եղել: Մեր այն դիտարկմանը՝ հնարավո՞ր է պատճառը վարորդի հոգնածությունը կամ անքնությունն է եղել, Ղուկասյանը նշեց. «Ավտոբուսում երկու վարորդ է եղել, դա դեռևս նախնական եզրակացութուն է և փորձաքնութունը ցույց կտա, թե ով է եղել իրական մեղավորը: Ասեմ նաև, որ ճանապարհը սառած է եղել և հայտնի չէ, թե ինչ հանգամանքներում է եղել ավտովթարը»,- ասաց նա՝ ավելացնելով, որ հիմա մեկնում են Ռուսաստան՝ բոլոր հարցերը տեղում պարզելու համար:
«Ման-Տուր»-ի տնօրենի խոսքով՝ ավտոբուսի ուղևորների տեղափոխումն արդեն կազմակերպվել է. «Տուժածները դեռևս հիվանդանոցում են: Մենք հայկական ավտոբուսներ ենք ունեցել ճանապարհին, որոնք էլ փորձում են ուղևորներին հասցնել վերջնակետ: Նշեմ, որ օգնության է հասել տեղի ոստիկանությունը»:
Հիշեցնենք՝ պատահարի պահին ավտոբուսում եղել է 50 ուղևոր` 2 վարորդն ու 48 ուղևորները: Կա 9 տուժած, որոնցից երեքի վիճակը բժիշկները գնահատում են ծանր:
Նշվում է, որ մահացել է ավտոբուսի ուղևոր՝ 1978 թ. ծնված Ս. Սուքիասյանը, ինչպես նաև ռուսական բեռնատարի վարորդը՝ Ն. Ի. Սիոնին:
Հայկական ավտոբուսի 40 ուղևորներ տեղավորվել էին Պավլովսկի շրջանի «Как дома» հյուրանոց: