Ադրբեջանի եւ Բելառուսի համեմատությամբ Հայաստանը որպես Արեւելյան գործընկերության անդամ պետություն ունի բոլոր հնարավորությունները համարվելու լիդեր եւ իր գործողություններով ավելի մոտենալու Եվրամիությանը: Այս մասին հայտարարեց Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին' «Արմենպրես»-ի հետ զրույցում անդրադառնալով մայիսին Ռիգայում կայանալիք ԱԼԳ երկրների գագաթնաժողովին, որից ակնկալվում է համագործակցության նոր ձեւաչափի նախագծում:
«Ինչպես տեսանք, Եվրամիության հետ Ասոցացման գործընթացը Մոլդովայի, Ուկրաինայի եւ Վրաստանի պարագայում այլ էր, իսկ ԱլԳ մնացած երեք պետություններն ունեն բավական տարբեր մոտեցումներ ասոցացման հետ կապված գործընթացներին մոտենալու հարցում: Եվրամիության հետ հարաբերություններում Հայաստանն այդ երեք երկրների համեմատությամբ ունի ամենաշատ հնարավորությունը, որպեսզի դառնա լիդեր: Քաղաքական, մարդու իրավունքների պաշտպանության առումով Հայաստանը բավականաչափ առաջ է անցել եւ կատարել է Եվրամիությանը մոտենալու համար բոլոր պայմանները: Մեր հույները մոտակա գագաթնաժողովից այն է, որ կհաջողվի ստորագրել համաձայնագիր, որոնք վերաբերում են այդ երեք երկրները ԵՄ-ին մոտեցնելուն»,- ասաց դեսպանը' հավելելով, որ նորմերը վերաբերում են հասարակական կյանքի պահպանման եւ այլ ոլորտների:
Անդրադառնալով Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու Հայաստանի որոշմանը, դեսպանն ասաց, որ Լեհաստանում հարգում են այդ որոշումը, միաժամանակ համոզված են, որ Հայաստանը Եվրոպական քաղաքակրթության մասնիկն է:
«Հայաստանը, լինելով առաջին քրիստոնյա երկիրը, բնականորեն հանդես է գալիս որպես արեւմտյան քաղաքակրթության մասնիկ եւ ԵՄ-ին մոտ գտնվելով' Հայաստանը վերադառնոմ է ընտանիք եւ այն դուռ է հանդիսանում Հայաստանի համար»,- ասաց դեսպանը հավելելով, որ Եվրասիական միության անդամ լինելու հանգամանքը բացառում է ԵՄ-ի հետ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու շրջանակում համագործակցությունը:
«Այս պահին այդ համագործակցությունը Եվրամիության հետ հնարավոր է քաղաքական, մշակութային, մարդասիրական հարթակներում: Ցավոք սրտի, մենք չենք կարող համատեղել այն պարտավորությունները, որ ունի Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցության շրջանակում, քանի որ դրանք հակասում են այն նորմերին, որոնք կա Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագրում: Սակայն, ինչպես նշեցի, մենք հարգում ենք Հայաստանի որոշումը»,- ասաց դեսպանը' հավելելով, որ Ռիգայում ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ իրավական հնարավոր համաձայնագիրը կլինի առանց տնտեսական մասի, առանց ԵՄ-ի հետ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի:
Մայիսին Ռիգայում կկայանա ԵՄ ԱԼԳ երկրների հերթական համաժողովը, որի շրջանակում հնարավոր է Հայաստանի ու Եվրամիության միջև իրավական համաձայնագրի կնքում: Մինչ այդ , 2013թ. Վիլնյուսում կայացած գագաթնաժողովից հետո, հաշվի առնելով Հայաստանի նոր ինտեգրացիոն պարտավորությունները, Հայաստանն ու ԵՄ-ն մեկ տարի շարունակ խորհրդատվական քննարկումներ են անցկացրել' համաձայնեցնելու այն ոլորտները, որտեղ համագործակցությունը չի խանգարի նոր պարտավորություններին: