Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնի՝ Գեղարքունիքի մարզ կատարած երկօրյա այցի հերթական հասցեն Սևան համայնքն էր, որտեղ բարձրաստիճան հյուրին և փոխդեսպանին ընդունեց Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը: Հանդիպմանը մասնակցում էին նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի փորձագետ, «Սևանում թափոնների տեսակավորում» ծրագրի համակարգող Հարություն Ալպետյանը, ծրագրի ներկայացուցիչները:

Սևան համայնքի ղեկավարը, ողջունելով հյուրընկալվածներին, կարևորեց գործընկերային այն աշխատանքը, որն իրականացվում է Սևանում «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի շրջանակներում՝ ֆինանսավորմամբ Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (SIDA) կողմից։

«Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» 4-ամյա ծրագրի շրջանակներում Սևան քաղաքում ներդրվելու է կոշտ կենցաղային թափոնների տեսակավորման համակարգ, որին նախորդել են մի շարք իրազեկման և ճանաչողական աշխատանքներ:

«Այս ծրագիրը, ի թիվս համայնքում իրականացվող և իրականացված այն ծրագրերի, որոնց առանցքում սկզբնաղբյուրում թափոնների տարանջատման համակարգի ձևավորումն է, ոլորտում կարողությունների զարգացումն ու ընդլայնումը, համայնքը դարձնում է առավել կայացած, իսկ ոլորտային խնդիրների լուծման ճանապարհին կարևոր ազդակ է,- նշեց համայնքի ղեկավարը, ապա հավելեց:- Վստահ եմ, որ այս ծրագրի ընթացքում ձեռքբերված փորձառությունը կդառնա լավագույն սկիզբ աղբահանության ոլորտում իրականացվող աշխատանքների կենսունակության ապահովման համար»:

Դեսպան Պատրիկ Սվենսոնը հայտնեց, որ Գեղարքունիքի մարզ երկօրյա այցի նպատակը ճանաչողական է, և հասցրել են անցնել Սևանա լճի ողջ տարածքով:

«Ինձ համար անչափ կարևոր է լսել հայ գործընկերներին, տեսնել ինչ-որ բաներ, բարձրաձայնել կարևորագույն հարցեր, որոնք կարող են դառնալ համայնքներում տնտեսական զարգացման ծրագրերի ներդրման լավագույն խթան և ուղղություններ:: Անչափ կարևոր եմ համարում երկուստեք համագործակցությունը, իսկ թափոնների կառավարման ոլորտում շվեդական փորձի փոխանցումը, կարծում եմ, անհրաժեշտ է, որը պետք է առաջ տանենք ծրագրում ներգրավված կողմերի միջոցով»:

Ծրագրի համակարգող Հարություն Ալպետյանը ներկայացրեց ծրագրային այն բաղադրիչները, որոնց ուղղությամբ աշխատում են, միաժամանակ կարևորեց իրազեկման արշավների դերը, որը հնարավորություն կտա համայնքի բոլոր շերտերին ներգրավել թափոնների կառավարման գործընթացում և կոշտ թափոնների կառավարման համակարգը դարձնել կենսունակ:

Տարեվերջին արդեն Սևան քաղաքը կունենա տեսակավորման համար նախատեսված թափոնամաններ, ինչպես նաև համայնքին կնվիրաբերվի աղբահավաք մեքենա:

Հանդիպման ընթացքում կարևորվեցին բնապահպանական այն խնդիրները, որոնք լուծվելու են ծրագրի ներդրման միջոցով:

Համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը ներկայացրեց համայնքային այն առաջնահերթությունները, որոնց լուծման ուղղությամբ իրականացվում է բազմաշերտ աշխատանք, որոնց լուծման համար անչափ կարևորվում են դոնոր կազմակերպությունների աջակցությունը, միջազգային գործընկերությունը:

Ինչպես նշեց դեսպան Սվենսոնը, Շվեդիան շահագրգիռ է, որպեսզի իրականացվող ծրագրերը լինեն արդյունքահեն և կայուն, որոնց շնորհիվ հնարավոր կլինի արձանագրել նաև տնտեսական աճ:

Հանդիպման վերջում մասնակիցները ևս մեկ անգամ կարևորեցին նման հանդիպումների դերը, ինչպես նաև նշեցին այն առանջնահերթությունները, որոնց ուղղությամբ մոտ ապագայում հնարավոր կլինի կազմակերպել լրացուցիչ քննարկումներ:

Տեղեկացնենք, որ գործարկվել է «Սևանում թափոնների կառավարում» ծրագրի ֆեյսբուքյան էջը, որը լինելու է բնակչության համար ինֆորմացիայի հիմնական տարածման և ծրագրի մասին տեղեկություններ ստանալու հարթակ։