Ադրբեջանում խախտվում են քաղաքացիների հիմնարար իրավունքերն ու ազատությունները, անտեսվում ժողովրդավարական երկրների նկատմամբ հարգալից վերաբերմունքը: Այդ իմաստով Ադրբեջանն իր հարեւանների մեջ վերածվում է այդ խախտումներով ավելի շատ հայտնի երկրի: Իսկ Իլհամ Ալիեւի կառավարությունը ընդհանրապես չի մտածում Արեւմուտքում իր վատ հեղինակության մասին:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ամերիկյան ազդեցիկ Foreign Policy հանդեսում հրապարակված հոդվածում գրում է Վաշինգտոնում բնակվող ադրբեջանցի լրագրող Ալեքբեր Ռաուֆօղլուն:

 

Հեղինակը նշում է, որ Արեւմուտքում իր հեղինակությունը բարձրացնելու համար Ադրբեջանի կառավարությունը հսկայական ծախսատար միջազգային միջոցառումներ է անցկացրել, խոշոր գումարներ է ծախսել ԱՄՆ-ում եւ Եվրոպայում լոբբիստական աշխատանքների վրա:

 

«Սակայն, վերջին շրջանում Արեւմուտքի եւ տեղական կազմակերպությունների դեմ միջոցառումները, մամուլի նկատմամբ սահմանափակումները խիստ բացասական ազդեցություն են գործել երկրի միջազգային վարկանիշի վրա: Եթե Հեյդար Ալիեւը Արեւմուտքի առաջատար բիզնես եւ քաղաքացիական հասարակության խմբերին հրավիրել էր Բաքու եւ վերացրել մամուլի գրաքննությունը, ապա իշխանությունը հորից ժառանգած Իլհամ Ալիեւը վերացրել է արեւմտամետ քաղաքացիական հասարակությունը: Ավագ Ալիեւի ժամանակ մամուլը համարվում էր «հասարակության հայելին»: Որդու իշխանության օրոք այ դ հայելին խլվել է ադրբեջանցիներից: Ի տարբերություն հորից, Իլհամ Ալիեւը մամուլն օգտագործում է բնակչությանը հանգստացնելու, ուշադրությունը առկա խնդիրներից շեղելու համար», -գրում է Ա.Ռաուֆօղլուն:

 

Հոդվածում նշվում է, որ Իլհամ Ալիեւի երրորդ անգամ նախագահ հայտարարվելուց հետո համապարփակ հարձակում է սկսվել քաղաքացիական հասարակության, հատկապես ընտրությունների մոնիտորինգով զբաղվողների վրա: Բռնաճնշումներ են իրականացվում հասարակական ակտիվիստների, լրագրողների, իրավապաշտպանների դեմ, որոնք երկրի կայունությունը խախտելու շինծու մեղադրանքներով նետվում են կալանավայրեր: Օգտվելով ղարաբաղյան հակամարտությունից' Ալիեւի վարչախումբը դժգոհների վրա իր հարձակումները «հիմնավորեց» այն բանով, որ երկրի անվտանգության սպառնալիքների դեմ հար կադրված է դիմակայել ճնշիչ օրենսդրական փոփոխություններով:

 

«Սակայն, վարչախմբի կողմից անկախ լրագրողների, ակտիվիստների դեմ ճնշումները առիթ դարձան մերկացնելու Ադրբեջանի կառավարության հաջողակ քաղաքականության մասին հեքիաթները, դրանով արեւմտյան լսարանի առաջ բացահայտվեց նաեւ կառավարության ավտորիտար էությունը», -ամփոփել է ադրբեջանցի լրագրողը: