Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից վերջին 10 տարիների ընթացքում սպառազինության քանակի զգալի ավելացմանը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նախարարը նկատեց, թե կարևոր է, որպեսզի հակառակորդը կարողանա կիրառել այդ սպառազինությունը, յուրացնի նոր ձեռք բերված զենքերի կիրառումը: «Իսկ դրա համար անձնավորություններ են պետք, ովքեր պետք է գաղափարապես և պրոֆեսիոնալ առումով պատրաստ լինեն իրենց երկրի պաշտպանությանը,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Օհանյանը:
Նա նշեց, որ այն, ինչ կատարվում է մեր հարևանների մոտ, անկասկած գտնվում է հայկական զինված ուժերի վերահսկողության ներքո: Սեյրան Օհանյանի խոսքով՝ հակառակորդի սպառազիության քանակական տվյալները մտահոգում են հայկական կողմին, բայց նաև հայկական կողմը տեղեկություն ունի, որ ժամանակ է պետք, որպեսզի հակառակորդը կարողանա այդ սպառազինությունը կարգի բերի, ու այն յուրացվի անձնակազմի կողմից: «Բազմիցս ասվել է, որ յուրաքանչյուր երկրի կողմից մեր հարևանին վաճառվող սպառազինությունը մեզ մտահագում է, այդ ուղղությամբ համապատասխան աշխատանք տարվում: Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հենց այնպես տեղում չի նստում»,- շեշտեց նա:
Հարցին, թե օրերս ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ հանդիպմանը հայկական կողմը Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի վերաբերյալ մտահոգություն հայտնե՞լ է, Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ անդրադարձել են այդ հարցերին:
Նա անդրադարձավ նաև կառավարության որոշման այն նախագծին, որով Գյումրիում նոր տարածքներ են հատկացվելու ռուսական ռազմաբազային' նշելով, որ միջպետական հանձնաժողովը պարբերաբար ամրագրում է այն տարածքները, որոնք տրվում են ռազմաբազային: «Պարզապես կառավարության վաղվա որոշմամբ այդ տարածքները, որոնք որ իրենք վաղուց օգտագործում են, կամրագրվեն»,- եզրափակեց նախարարը: