ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում նախարար Սեյրան Օհանյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցում էին պաշտպանության նախարարի և ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները, ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների ու առանձին բաժինների պետերը: Հեռահաղորդակցության միջոցների և տեսակապի շնորհիվ խորհրդակցությանը ներգրավված էր նաև բանակային զորամիավորումների հրամկազմը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդակցությունը նվիրված էր ՀՀ անկախության հռչակման 23-րդ տարեդարձի առթիվ անցկացվելիք հանդիսավոր միջոցառումների կազմակերպմանը, պաշտպանության նախարարին կից կոլեգիաների առաջիկա նիստերի նախապատրաստական աշխատանքներին:

 

Կարևորելով երիտասարդության շրջանում ազգային գաղափարախոսության և հայրենասիրության սերմանումը' Սեյրան Օհանյանը նշել է, որ այդ գործընթացում ազգային բանակը պետք է առանցքային դերակատարում ունենա:

 

Ըստ այդմ, նախարարը հանձնարարել է, որ զորամասերում ՀՀ անկախության տարեդարձի առթիվ անցկացվելիք տոնական միջոցառումներին ներգրավվեն նաև հասարակության լայն շերտերը: Ընդգծելով, որ ազգային բանակի հենքն, ի վերջո, հասարակությունն է, Սեյրան Օհանյանն արձանագրել է, որ այս առումով բանակ-հասարակություն կենսական կապի հետագա ամրապնդումն ուղղակի խիստ անհրաժեշտություն է:

 

Նախարարը հորդորել է նաև, որ վերոհիշյալ կապը օգտագործել հասարակության շրջանում ազգային ավանդույթների շարունակության ապահովման, մնայուն արժեքների արմատավորման, արատավոր բարքերի դեմ տարվող պայքարը հաղթական ավարտին հասցնելու համար:

 

Խորհրդակցության ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաև կարգապահական բնույթի խնդիրներին:

 

Օրերս ՊՆ զորամասերից մեկում զինվորի մահվան ելքով գործի քննության կապակցությամբ պաշտպանության նախարարը շեշտել է, որ անկախ նրանից, թե ինչն է դրդել զինվորին ինքնասպանության, զորամասի ղեկավարության պատասխանատվության չափը դրանից ոչ մի կերպ չի նվազելու և ծառայողական քննության ավարտից հետո օրենքի ամբողջ խստությամբ պատժվելու են բոլոր մեղավորները: Նմանաբնույթ դեպքերը հետագայում բացառելու նպատակով Սեյրան Օհանյանը խորհրդակցության ավարտին մասնակիցներին տվեց կոնկրետ հանձնարարականներ և ցուցումներ: