Թեպետ հայ-ադրբեջանական սահմանին եւ շփման գծում իրավիճակը լարված է եւ հակառակորդը պարբերաբար դիվերսիոն հարձակումներ է գործում, սակայն հայկական զինված ուժերը կարողանում են կատարել իրենց առջեւ դրված պարտականություններն ու իրավիճակն այնպիսին չէ, որ Հայաստանը դիմի ՀԱՊԿ աջակցությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, օգոստոսի 6-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասաց, որ Հայաստանը կդիմի ՀԱՊԿ-ին աջակցության խնդրով' բացառապես լայնամասշտաբ ռազմական գործողությունների դեպքում:

 

«Այժմ նման իրավիճակ չէ, եւ հայկական զինված ուժերը, առանց լուրջ համալրումների, կարողանում են պաշտպանել մեր երկրի սահմաններն ու մեր ժողովրդի անվտանգությունը: Հայաստանը կդիմի ՀԱՊԿ-ին աջակցության խնդրով' միայն լայնամասշտաբ ռազմական գործողությունների դեպքում: Այժմ մենք ՀԱՊԿ-ին դիմելու անհրաժեշտություն չենք տեսնում»,- ասաց Սեյրան Օհանյանը' հավելելով, որ ինչպես ՀԱՊԿ-ը այնպես էլ մնացած միջազգային կառույցները պետք է սթափ գնահատեն իրավիճակն ու դատապարտեն Ադրբեջանի ռազմատենչ գործողությունները: