ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չի կարող ասել վերանշանակվելո՞ւ է իր պաշտոնում, թե ոչ, սակայն սզկբունքորեն մերժում է իր՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար դառնալու հեռանկարը: Երեկերեկոյան նման սենսացիոն հայտարարություն է արել Սեյրան Օհանյանը:


Ասում եմ սենսացիոն, որովհետև Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները սովորաբար հլու-հնազանդ ենթարկվում են կադրային այն որոշումներին, որոնք կայացվում են «վերևում»: Առավել ևս եթե այդ որոշումը ինչ-որ իմաստով համաձայնեցված է Մոսկվայի հետ:

 

Գեներալի սկզբունքայնությունը միայն հարգանքի է արժանի հատկաես այն ֆոնին, որ կա հավանականություն թե նա գուցե չվերանշանակվի իր պաշտոնում:

 

Օհանյանը որոշակիորեն փաստի առաջ է կանգնեցնում նախագահին և վարչապետին, նրանց հասկացնելով, որ իրեն տեսնում է հենց ՊՆ նախարարի պաշտոնում: «Գնդակը» հիմա գտնվում է երկրի բարձրագույն իշխանության դաշտում: Այլ էր վիճակը, երբ Օհանյանը ՊՆ նախարարի պաշտոնից ազատվում էր, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու պատճառաբանությամբ:

 

Հիմա, երբ մեր բանակի ղեկավարն ասում է, որ չի ցանկանում Մոսկվա նոր աշխատանքի մեկնել,Սերժ Սարգսյանը կամ պետք է նրան վերանշանակի իր պաշտոնում, կամ էլ՝ ազատի աշխատանքից:


Երկու դեպքում էլ պետք է հնչեն բացատրություններ, որովհետև ռուսական լրատվական գործակալությունը ոչ առանց կողմնակի միջամտության, արդեն ստեղծել է քարոզչական համապատասխան ֆոն, որ հենց Ս. Օհանյանն է առաջիկա երեք տարում զբաղեցնելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը:

 

Ինչ մնում է Օհանյանին, ապա կրկնում եմ, նրա սկզբունքայնությունը բացառիկ է մեր էլիտա կոչվածի համար: Եթե անգամ նա այլևս պետական պաշտոն չզբաղեցնի, չուզեցավ մասնակիցը դառնալ ռուսական մի սցենարի, որը միտված էր հայկական գործոնի խաղարկմամբ՝ երկրի ինքնիշխանության մեր բանակի ինքնուրույնության սահմանափակմանը: Այդպես իրեն պետք է պահի Հայաստանի բանակի ղեկավարը, պետական, ըստ էության միակ կառույցի, որը մյուսների անգործության կամ անատամության ֆոնին դարձել է երկրի ինքնիշխանության հիմնական գրավականը:

 

Սարգիս Հակոբյան