Հայաստանի կառավարությունը բանակցում է Ռուսաստանի հետ' Հայաստանին տրամադրվող գազի սակագինը նվազեցնելու ուղղությամբ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկություններին, թե ռուսական կողմը համաձայնել է Հայաստանին տրամադրվող գազի սակագինը նվազեցնել՝ 189 դոլարից դարձնելով 16 5 դոլար: «Նման քննարկումներ ընթանում են: Եթե մեզ մոտ կա դրամի արժեզրկում, ապա դա անխուսափելիորեն կառաջացներ գազի սակագնի բարձրացում կամ մենք այդ բարձրացումը պետք է անեինք ավելի վաղ: Այդ իսկ պատճառով կառավարությունը քայլեր է ձեռնարկում, քննարկում է ռուսական կողմի հետ՝ փորձելով մեղմել փոխարժեքի տատանումների հետևանքով առաջացած իրավիճակը»,- նշեց Հարությունյանը:

 

Հարցին, թե Ռուսաստանի կողմից Հայաստանին տրամադրվող գազի սակագին էժանացումը կարո՞ղ է ազդեցություն ունենալ հասարակ սպառողի վրա, Հարությունյանն ընդգծեց, որ սովորական սպառողի վրա ազդեցություն կունենա միայն այն դեպքում, եթե սահմանի վրա գինը չփոխվի: «Այդ դեպքում մենք հաստատ կունենանք ազդեցություն սովորական սպառողի վրա»,- ասաց Հարությունյանը:

 

Հարցին, թե Հայաստանը ռուսական կողմի հետ բանակցե՞լ է գազի դիմաց ռուբլիով վճարելու հարցով, կառավարության աշխատակազմի ղեկավարը հայտնեց, որ ռուսական կողմի հետ այդ հարցով բանակցություններ ՀՀ կառավարությունը չի վարել:

 

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրել է, որ Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը կնվազի ապրիլի մեկից: Նախնական տեղեկություններով, գազի յուրաքանչյուր հազար խորանարդ մետրի գինը ներկա 189 դոլարից կնվազի մոտ 165 դոլարի: Թերթը գրել է, որ գազի գնի նվազման շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել երկար բանակցությունների արդյունքում և նպատակը մեկն է՝ կանխել դրամի արժեզրկման արդյունքում սակագնի բարձրացման հեռանկարը: