Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ վարչապետն արդյունավետ է գնահատել տարբեր ոլորտներում ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունը և վերահաստատել ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ ծրագրերի իրականացումը:

 

 

ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի ղեկավարը շնորհակալություն է հայտնել վարչապետին համատեղ աշխատանքին տրված բարձր գնահատականի համար ու կարևորել և´ Ազգային ժողովի նախագահի, և´ վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի ներդրումը երկկողմ համագործակցության զարգացման գործում:

 

 

Զրուցակիցները քննարկել են ԵԱՀԿ-ի աջակցությամբ իրականացվող «Կարգավորիչ գիլյոտին» բարեփոխումների ծրագրի ընթացքը և հետագա քայլերը: Ընդգծելով, որ ծրագիրն էապես նպաստում է բիզնես սկսելու և զարգացնելու ընթացակարգերի, վարչարարության պարզեցմանը, Հովիկ Աբրահամյանը կարևորել է ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի դերը՝ «Կարգավորիչ գիլյոտին»-ը հաջողությամբ իրականացնելու և ավարտին հասցնելու, ինչպես նաև հետագայում կարգավորիչ ազդեցության գնահատման համակարգ ներդնելու գործում: Իր հերթին Անդրեյ Սորոկինը ևս բարձր է գնահատել ծրագրի իրականացումը և, նշելով, որ դրա ավարտին մի քանի ամիս է մնացել, կարևորել է միջազգային առաջատար փորձագետների կողմից ՀՀ գերատեսչություններին ներկայացված առաջարկությունների լիարժեք իրականացումը:

 

 

Հանդիպմանն արծարծվել են նաև համագործակցության հետագա ընդլայնմանը և ակտիվացմանը վերաբերող հարցեր: Երկուստեք կարևորվել են ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերը:

 

 

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ կայանալիք արարողություններին՝ ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի ղեկավարը տեղեկացրել է, որ ԵԱՀԿ-ի պատվիրակությունն ամենաբարձր մակարդակով կմասնակցի 2015թ. ապրիլին Երևանում կազմակերպվելիք ոգեկոչման միջոցառումներին: