Ադրբեջանի բանակի բոլոր խնդիրների արմատը պետք է որոնել զինված ուժերում իշխանության կողմից կյանքի կոչվող իրական քաղաքականության մեջ, այլ ոչ թե քաղաքական իշխանության կողմից թղթի վրա գրված բանակաշինության հայեցակարգում: Բաքվի վերնախավը բանակն օգտագործում է որպես իշխանությունը ձեռքում պահելու հնարավորություն ընձեռնող հիմնասյուն:

 

Ամբողջ քաղաքականությունը կառուցված է բանակի շահագործման վրա: Եվ դա չի ավարտվում միայն ընտրությունների ժամանակ զինծառայողների ձայները զանգվածային կերպով կեղծելով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Meydan TV հեռուստաալիքի կայքը, այս մասին «Խազար» ռազմական հետազոտությունների ինստիտուտի բլոգին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի տարածաշրջանային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Յաշար Ջաֆարլին:

 

Խոսելով ադրբեջանական բանակում մարդու իրավունքների հետ կապված խնդիրների հիմնական պատճառների մասին՝ Յ.Ջաֆարլին ասել է, թե այդ քաղաքականության արդյունքն է, որ հասարակական գիտակցության մեջ զինծառայությունը վերածվել է կյանքի համար վտանգավոր երեւույթի, իսկ զինված ուժերը' էժան եւ անիմաստ մահվան վայրի:
«Աշխատանքի շուկայում մրցակցությանը դիմակայելու տեսակետից բազմաթիվ արհեստներից հետ մնացող սպայի մասնագիտութունը երիտասարդների մեջ բոլորովին էլ հեղինակավոր չէ», -նշել է նա:

 

Ռազմական փորձագետն ասել է, որ առկա իշխանության ժամանակաշրջանում իզուր է հույս տածել, որ բանակում մահվան դեպքերի թիվը կնվազի: «Պատճառը շատ պարզ է: Կորուստները երկու մասի են բաժանվում' մարտական եւ ոչ մարտական: Մարտական կորուստների գլխավոր պատճառը պետք է փնտրել իշխանության' հակամարտությունից առավելագույն աստիճանի օգուտ քաղելու մեջ: Մի կողմից հանրությանը պատերազմի սպառնալիքի տակ պահելու համար իշխանությունը շահագրգռված չէ պահպանել հրադադարի ռեժիմը, քանի որ նման դրությունը նրան օգնում է հանգիստ կերպով իրեն հարմար ձեւով շարունակ ել կառավարել:

 

Մյուս կողմից, երբ հասարակական-քաղաքական գործընթացները զարգանում են իշխանության չցանկացած ուղղությամբ, ուշադրությունը գլխավոր հարցերից շեղելու համար իշխանությունը առաջնագծում արհեստական դիմակայություն է ստեղծում: Շատ դեպքերում հրադադարի խախտումը մեր բանակի վրա թանկ է նստում' տալով մարտական կորուստներ: Բնական է, որ այստեղ կորուստների համար պատասխանատվությունն անմիջականորեն ընկնում է քաղաքական ղեկավարության վրա, որը կամ իր մեջ ուժ չի գտնում վերջ դնել դրան, կամ էլ հայտնի պատճառներով չի զգում դրա կարիքը», -ընդգծե լ է նա:

 

Յ.Ջաֆարլին անդրադարձել է նաեւ զորակոչի համակարգում առկա խնդիրներին: «Կորուստների թվի չնվազման վրա ազդող գործոններից մեկն էլ հասարակության կողմից դիմադրության բացակայությունն է: Բանակում կորուստների հարցում հանրությունը գերադասում է լռել' «ավելի դժվար քննության չհանդիպելու» համար: Քաղաքական իշխանությունը անհրաժեշտ չափով օգտվում է ժողովրդի այդ պասիվությունից եւս: Պարզ է, որ վտանգի տակ հայտնված 200 հազարից ավելի ադրբեջանցի ծնողներ 18 ամիս շարունակ վերածվում են զորակոչի համակարգի գերու: Իսկ զինծառայությունից, մահվան ճանկերից վերադարձած իրենց որդիներին ծնողները խորհուրդ են տալիս անշնորհակալ չլինել բախտից եւ հանգիստ նստել տեղում՚, - գտնում է նա:

 

Անդրադառնալով բանակում կաշառակերությանն ու կոռուպցիայի դեպքերին, ռազմական փորձագետն ասել է. «Չնայած ներքին շերտերում որոշակի առաջընթացի առկայությանը, վերին ատյաններում լուրջ փոփոխություններ չեն դիտվում: Բոլոր բնագավառների նման, զինված ուժերն էլ են իշխանության մենաշնորհի տակ: Ռազմական բյուջեն գտնվում է երկրի ղեկավարության անմիջական վերահսկողության տակ: Գլխավոր կոռուպցիոն գործընթացներն էլ հենց այդտեղ են տեղի ունենում: Ժողովուրդը զրկված է այդ բնագավառի նկատմամբ վերահսկողությունից:

 

Ղեկավարությունը կամ հաշվետավություն չի ներկայացնում, կամ էլ' ներկայացրածը չի արտահայտում իրականությունը: Օրինակ, 2015 թվականի համար Ադրբեջանի պաշտպանական ծախսերը 4,2 միլիարդ դոլարից ավելին են: Հարեւան Իրանում նույն նպատակների համար 2015 թվականին 6,3 մլրդ դոլար է հատկացվել: Այդ թվերը գրեթե համեմատելի են: Բայց ինչո՞վ է Ադրբեջանի պաշտպանական հզորությունը մոտ ամբողջ աշխարհին մարտահրավեր նետող, ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի առաջ չքաշվող Իրանի պաշտպանական հզորությանը: Հարց է ծագում. «Որտե՞ղ եւ ինչպե՞ս են ծախսվում ռազմական բյուջեի փողերը: Ումի՞ց պատասխան ակնկալենք»», -դժգոհում է նա:

 

Փորձագետի կարծիքով' չնայած իշխանությունն ամեն առիթով հայտարարում է բանակը ՆԱՏՕ-ի չափանիշներին մոտեցնելու մասին, Ադրբեջանի հետ ՆԱՏՕ-ի հարաբերությունները եւ այդ կառույցի անդամ երկրների հետ համագործակցությունն, իրականում, միայն նմանակման բնույթ է կրում: Յ.Ջաֆարլին համոզմունք է հայտնել, որ մինչեւ իշխանափոխություն չլինի, ադրբեջանական ժողովուրդը չի կարողանալու բանակաշինության ոլորտում արմատական բարեփոխումների ականատես լինել: